ՔՐԳՈՐԾԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում անձինք աշխատանքային թույլտվություն ստանալու համար 700.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կոնկրետ բուհից ստացել են համապատասխան մասնագիտութան պետական նմուշի դիպլոմներ:

 

ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Ձեռք են բերվել տվյալներ, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց) 4 աշխատակիցների՝ 3 հոգեբանների  եւ 1 բաժնի պետի, համապատասխանաբար 2018 եւ 2019թթ.-ի ընթացքում Գյումրիում գործող «N» արտադրական կոոպերատիվի կողմից տրամադրվել են «Հոգեբանություն» մասնագիտությամբ դիպլոմներ՝ հաստատված պետական քննական հանձնաժողովի նախագահի եւ ռեկտորի ստորագրություններով: Մինչդեռ, համաձայն նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների, այդ անձինք նշված ուսհաստատությունում ուսումնական գործընթացի չեն մասնակցել: Փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի եւ 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020թ. պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձեւական գրանցել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել եւ համադրվել են «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների եւ ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։

6 տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց եւ դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո նույն օրը վերադարձել են տուն:

Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների, երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման եւ այն ավարտել օրեր անց, եւ նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում:

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  առերռիույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերեւույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8մլն ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաեւ պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական եւ իրավաչափ լինելու հանգամանքներն  ստուգելու նպատակով դեռեւս 2021թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։

Մեկ այլ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրասատման շրջանակներում պարզվել է, որ 2012-2017թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչեւ 350000 ՀՀ դրամ գումարներ: Մինչդեռ այդ անձինք կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն դրանք չեն ստացել, շատերը առհասարակ երբեւէ չեն դիմել որպես անապահով ընտանիքներ սոցիալական օգնություն ստանալու հարցով, իսկ առանձին դեպքերում թեեւ դիմել եւ մեկ-կամ երկու անգամ ստացել են, սակայն իրենց անուններով մի քանի այլ ելքագրումներից ընդհանրապես տեղյակ չեն: Ընդհանուր առմամբ, 2012-2017թթ-ի ընթացքում Ձիթհանքովի գյուղապետարանից, որպես դրամական օգնություն, դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.790.000 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց չհատկացվելով՝ առերեւույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացվել է: Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում, ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

 

 

 

83 ՈՐՈՇՈՒՄ

2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 216 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումները կայացվել են՝ ինչպես օրենքով նախատեսված՝ 50.000.000 ՀՀ դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությամբ պայմանավորված, այնպես էլ այլ հիմքերով:

 

 

 

ԴԻԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի եւ 7-ամյա Կ. Մ-ի դիերը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։  Կ. Մ-ն  Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երեւանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում:

 

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 31-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման են ենթարկել 54-ամյա Վարդան Ս.-ին, որը մարտի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Վարդան Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

 

 

ԲՈՒԺԶՆՆՈՒՄ՝ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ դպրոցների նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցիչները դեռեւս չեն ստացել  դպրոցին հասանելիք ուսումնական ինքնաձիգերը։ Պատճառն այն է, որ   յուրաքանչյուր  5 տարին մեկ  նախնական զինվորական պատրաստություն առակայի   ուսուցիչները պետք է բժշկական  զննում անցնեն, որից հետո ստանան  ուսումնական զենքը։ Այդ բժշկական զննումը վճարովի է, դրա համար մուծում են 12 հազար դրամ։ Նախնական զինվորական պատրաստության որոշ ուսուցիչներ չեն հասցրել  գյուղերից գնալ Նոյեմբերյան քաղաք՝ բուժզննման, որից հետո իրենց դպրոցը ուսումնական զենք կստանա։ Նոյեմբերյանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները 2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ,  3 ամիս մոբլիզացվել են, զենքով պաշտպանել  Նոյեմբերյանի  սահմանագոտին։ Նրանք  տարակուսում են, որ  3 ամիս մարտական  զենքով սահման պաշտպանելուց հետո այժմ  ուսումնական զենք ստանալու համար իրենք պետք է բուժզննում անցնեն,  դրա համար գումար վճարեն։

 

 

 

ԴԻՊՈՒԿ ԵՆ ԿՐԱԿՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-25-ը կայացած հրաձգության հանրապետական մրցմանը մասնակցել է  պետական մարմինների շուրջ 400 աշխատակից: Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ  Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի վարչական ղեկավար Օնիկ Բալյանը տղամարդկանց անհատական պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Բերդ համայնքի տղամարդկանց թիմը (Արծվաբերդ գյուղի վարչական ղեկավար Օնիկ Բալյան, Նավուր գյուղի վարչական ղեկավար Արամ Նիգոյան, Բերդի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Թումանյան) տղամարդկանց թիմային պայքարում զբաղեցրել է երկրորդ  տեղը։

 

 

 

Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ՏԱՎՈՒՇԻ ՀԱՋՈՐԴ ՄԱՐԶՊԵՏԸ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 1-ին նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Ո՞վ կլինի հաջորդ մարզպետը։ Այս պաշտոնի համար այս պահին երկու հավանական թեկնածու կա: Նրանցից մեկը Էդգար  Ճաղարյանն է, ով հրաժարական է տվել  ՀՀ տնտեսական  մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից։ Իսկ Իջեւան քաղաքում տարածված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ է նշանակվելու Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս