Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածելու գործը մտավ դատարան:
Փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր «Փողոցում հայհոյանքներ է հնչեցրել։
Փաստորեն, նա խուլիգանական արարք է թույլ տվել հանրության մեջ նման սեռական բնույթի հայհոյանքներ տալով։ Տղամարդուն դա վայել չէ։ Դեպքը եղել է ընդունարանից մի քիչ այն կողմ։ Նա, ճանաչելով ինձ, հայհոյանքներ ասաց մեր խմբակցության հասցեին։ Երբ փորձեցի մարդկային տեսանկյունից կարգի հրավիրել, նա էլ ավելի սկսեց հայհոյել։ Ես հանգիստ էի կանգնած, նա հասցրեց հարվածել դեմքիս»:
Եվ ահա այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Հովհաննիսյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 19 շենք հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով փողոցով անցնող անցորդների նկատմամբ, անտեսելով բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Աժ «Իմ քայլըե խմբակցության պատգամավորների հասցեին: Այդ ընթացքում այդտեղ գտնվող նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիտողություն է արել Հակոբ Հովհաննիսյանին և փորձել կարգի հրավիրել վերջինիս, սակայն Հակոբ Հովհաննիսյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Հակոբ Ասլանյանի աջ այտին, պատճառել ֆիզիկական ցավ և շուրջ 2-3 րոպե տևողությամբ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ որպիսի դիտավորյալ խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցրել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:
Հովհանիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խւլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան