Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ողջունելով դեսպանին՝ Մհեր Գրիգորյանն կարևորել ու բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ:
Իրանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և երկկողմ հարաբերությունների բովանդակալից անդրադարձի համար, նշել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ և եղբայրական երկիր է, որի հաջողությունները կարևոր են նաև իրենց համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներին:
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին երկուստեք ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացներին: