Փաստաբան Բակուր Օհանյանին գաղտնալսել են եւ փաստաբանը իր ոտնահարված իրավունքների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ հանցագործություն են իրականացրել քննիչը, ոստիկանը եւ դատախազը:
Նշենք, որ անցած տարի Փաստաբանների պալատի խորհուրդն իր մտահոգությունն էր հայտնել վերը նշված դեպքերի կապակցությամբ:
ՀՀ Սահմանադրության 33-րդ և 64-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի, 1990թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 22-րդ կետի, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ և 25-րդ հոդվածների, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ակնհայտ բխում է, որ օրենսդիրը փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ուղղակի արգելք է սահմանել և չի նախատեսել որևէ բացառություն, որը կապված կլինի հեռախոսային խոսակցության բովանդակության հետ։
Նշված նորմերը կոչված են երաշխավորելու փաստաբանների անկախությունը, վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու) ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը, ինչպես նաև որևէ կերպ փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու անթուլատրելիությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Գործնականում հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հիմքով:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ (ներքին դիտում), 11-րդ (նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում) և 12-րդ (հեռախոսային խոսակցությունների վերահսկում) կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Ի տարբերություն այս կարգավորման, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչնչացման հարցին չի անդրադարձել, որպիսի առիթից օգտվելով էլ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններին ոչ միայն ծանոթանում է, այլ նաև կցում է քրեական գործին, ինչը հետագայում դառնում է հասանելի նաև դատավարության այլ մասնակիցների, այդ թվում՝ պաշտպանության կողմի դատավարական հակառակորդների, համար:
Արդյունքում, պահանջել էին պետական իրավասու մարմիններից՝
– պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին,
– ոչնչացնել այդ նյութերը,
– հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակները:
Ըստէ ության փաստաբանների պահանջը տեղ չհասավ եւ իրավապահների գործելաոճը շարունակվում է:
Քնար Մանուկյան