ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․
Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող այլ անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Համանախագահները խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, և կոչ են անում կողմերին ամբողջությամբ կյանքի կոչել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած հանձնառությունները։
Համանախագահները մտահոգություն են հայտնում նաև հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված վերջին մի քանի միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը։
Համանախագահները, նկատի ունենալով իրենց ԵԱՀԿ մանդատի պայմանները և տարածաշրջանի ժողովուրդների ձգտումը դեպի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագա, կրկին կոչ են անում կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում վերադառնալ համանախագահների հովանու ներքո գործելու ձևաչափին։