Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա. Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,- գրել է Լիպարիտ Դրմեյանը։
ՄԻԵԴ որոշման մեջ ասվում է, որ 2009 թ. մայիսի 9-ին դիմումատուն անհետացել էր և գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել էին Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում և ձեռնարկվել էր նրա որոնումը:
Այնուամենայնիվ, նրա գտնվելու վայրը անհայտ էր ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար մինչև 2010 թ. նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան (ԿԽՄԿ) գրանցեց որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցելում էր դիմումատուին մինչև 2011 թ. մարտի 17-ը, երբ նա գերիների փոխանակման շրջանակներում վերադարձվեց Հայաստանի իշխանություններին ԿԽՄԿ միջնորդությամբ: Փոխանակումը կատարվել էր Ակնայի շրջանում:
Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ քաղելու: