ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Օլեշկի քաղաքում տեղային հրադադար է հաստատվել։ Այն ուժի մեջ է մտել երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 03։00-ին՝ քաղաք մարդասիրական առաքելություն մուտք գործելու հնարավորություն ապահովելու նպատակով։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, մարդասիրական առաքելությունը նախատեսվում է իրականացնել այս շաբաթվա վերջին։ Մելանյա Թրամփի գրասենյակի փոխանցմամբ՝ նա բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որոնցից տեղեկություններ է ստացել քաղաքի իրավիճակի վերաբերյալ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Օլեշկիում մինչև 2 հազար մարդ է մնացել՝ սննդի և դեղորայքի պաշարների նվազման պայմաններում։ Ականների և անօդաչու թռչող սարքերի հարվածների վտանգի պատճառով բնակիչները չեն կարողանում լքել քաղաքը։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերը առանձին հայտարարություններով հաստատել են, որ հրադադարն ուժի մեջ է մտել։
Անցած ուրբաթ հրադադարի մասին հայտարարելով՝ Մելանյա Թրամփը նշել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ներկայացուցիչները կայցելեն բնակիչներին՝ պարզելու, թե ինչ օգնության կարիք ունեն նրանք։ Նրա խոսքով՝ քաղաքից հեռանալ ցանկացողներին կտրամադրվեն համակարգված աջակցություն և փոխադրամիջոցներ՝ իրենց նախընտրած ուղղությամբ մեկնելու համար։ Նա նշել էր, որ որոշ բնակիչներ կարող են ցանկանալ մեկնել Ռուսաստան, իսկ մյուսները՝ Ուկրաինա։
Մարդասիրական առաքելության մուտքը քաղաք նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ միջնորդությամբ հաջորդ ամիս ակնկալվող բանակցությունների նոր փուլից առաջ։ Բանակցությունների նպատակը ավելի քան չորսուկես տարի շարունակվող պատերազմին վերջ տալն է։
Կիևը ենթարկվել է ռուսական հարվածների
Օլեշկիում հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Կիևում մի քանի բալիստիկ հրթիռների պայթյուններ են որոտացել, իսկ Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ ռուսական հարվածի հետևանքով վնասվել է Դնեպր գետի վրայով անցնող Հարավային կամուրջը։ Վնասվել է նաև կամրջի մետրոյի ենթակառուցվածքը, ինչի հետևանքով դրա վրայով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Երկուշաբթի ուշ երեկոյան Կիևը նույնպես ենթարկվել էր հարձակման։ Քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ ռուսական բալիստիկ հրթիռները հարվածել են համալսարանի տարածքին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։
Կլիչկոյի խոսքով՝ վնասվել են նաև մայրաքաղաքի բուժհաստատությունները։ Պայթյունի ալիքը կոտրել է վերակենդանացման բաժանմունքի պատուհանները։ Նույն շրջանում մեկ այլ բուժհաստատության երկու բաժանմունքների պատուհաններն են կոտրվել, սակայն հիվանդներից և բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ հարված է հասցվել նաև ոչ բնակելի տարածքում գտնվող շինությանը։ Նախնական տեղեկություններով՝ սուպերմարկետներից մեկի մոտ մեկ մարդ է զոհվել։ Կիևի համալսարաններից մեկի հանրակացարանի մոտ տեղի ունեցած հարվածի հետևանքով շենքի պատուհաններն են կոտրվել, իսկ 20-ամյա մի կին վիրավորվել է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բալիստիկ հրթիռները հարվածել են համալսարանի տարածքին և դրա հարակից հատվածներին՝ ներառյալ զբոսայգին, մետրոյի կայարանի շրջակայքն ու բնակելի շենքերը։ Նրա խոսքով՝ հրթիռներն ընկել են մարդաշատ վայրերում, որոնց մոտակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել։
«Կարևոր է, որ աշխարհը տեսնի՝ Ռուսաստանը ոչինչ չի ցուցադրում, բացի սպանելու և պատերազմը շարունակելու ցանկությունից»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Խարկովում, երկուշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով, իշխանությունների տվյալներով, երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Անի Վարդանյան




























