«Նեպարտակ» անունով թայֆունը շարժվում է դեպի Ճապոնիայի ափեր և տեղ կհասնի հուլիսի 28-ի առավոտյան,- կանխատեսել է երկրի օդերևութաբանական ծառայությունը: Թայֆունը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում՝ ցամաքից 230 կմ հեռավորության վրա։ Թայֆունի հարվածի հիմնական ուժգնությունը կկրի Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափը, սակայն թայֆունը կընդգրկի նաև մյուս շրջանները՝ պակաս թուլությամբ: Բնակիչներն արդեն զգուշացված են հնարավոր ջրհեղեղի ու սողանքների մասին:
Օդերևութաբանների կանխատեսումներով թայֆունի հետևանքով Ճապոնիայի հյուսիս-արևելքում 200 մմ տեղումներ կլինեն, իսկ Տոկիոյում՝ մոտ 100 մմ: Հուլիսի 27-ին քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վրկ, իսկ Հոնսյու կղզում՝ մինչև 35 մ/վրկ: Մասնագետների գնահատմամբ՝ դա Խաղաղ օվկիանոսում ձևավորված իր ուժգնությամբ 8-րդ թայֆունն է:
Նշենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հուլիսի 25-ին զգուշացրել էին, որ հնարավոր է լողի բաց մրցումներն ու տրիատլոնը «Նեպարտակ» թայֆունի հետևանքով տեղափոխվեն ուրիշ օր։ Հուլիսի 24-ին Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն տեղափոխել էր ակադեմիական թիավարության մրցումները Ճապոնիայի հարավում մոլեգնող «Ին-ֆա» թայֆունի պատճառով: Տարերային աղետից 5 մարդ է տուժել: