Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ:
«Օգոստոսի 9-ին, ժամը 17։45-ին, Շուշիի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև:
Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է, զոհեր չկան: Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ միասին, հետաքննություն է անցկացնում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ռուս խաղաղապահները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի երկու ավտոշարասյուներ:
Օրվա ընթացքում 3 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և 1 կմ ճանապարհ է ստուգվել, 2 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: