«ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ» ՖԻԼՄԻ ՀԱՅՏՆԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աճեմյան 2. բոլորիս կողմից սիրված եւ քաջ հայտնի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը հենց այս փողոցի վրա է գտնվում, որտեղ նկարհանվել է ֆիլմի ամենահայտնի «վառե, մարե» դրվագը:

 

ArmLur.am-ը, գտնվելով Գյումրիում, ֆիքսել է, որ բոլորիս կողմից հայտնի փայտյա պատշգամբն արդեն փտել է, շենքն էլ վթարային վիճակում է: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասում պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շինությանը, դեռեւս անհայտ է, չնայած որ պարբերաբար տարբեր ժամանակներում անցկացվում են քննարկումներ, արվում են որոշակի քայլեր` շենքը վերականգնելու համար, բայց դեռեւս տեսանելի ոչինչ չկա:

2019 թվականին շենքը ձեռք բերելու հայտ էր ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը պետք է դառնար  կրթական ու արտադրական կենտրոն, ավելին՝ ընկերության ղեկավարությունն այդ հարցը քննարկել էր  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն մինչ օրս պատամաճարտապետական շենքը վերականգնելու համար ոչինչ չի ձեռնարկվել, իսկ այն օր օրի փլուզվում է:

Նշենք, որ Ալբերտ Մկրտչյանի ինքնակենսագրականում «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շատ ու շատ արտահայտություններ թեւավոր խոսք են դարձել, օրինակ` «Լուսը վառել եմ ու պտի վառեմ»։ 1984 թվականին նկարահանված ֆիլմը հետպատերազմյան տարիների հայ կնոջ, ընտանիքը պահպանելու նրա պայքարի մասին է։ Հումորային դրվագները, դերասանական՝ Մհեր Մկրտչյան-Գալյա Նովենց փայլուն խաղը ստիպում է ֆիլմը դիտել անընդհատ ու առանց հոգնելու։

Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին Խաչատուր Աբովի կողմից:

Թերեւս քչերը գիտեն, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել երկու տարբեր թաղամասերում։ Հիմնական նկարահանումներն անցկացվել են նախկին Գորկի 22 հասցեում (այժմ` Շիրազի)։ Այդտեղ են նկարահանել տան տեսարանն ու բակը։ Եվ միայն ֆիլմի շատ փոքր՝ լույսը վառելու հատվածն է նկարահանվել գյումրեցիների սիրած «Գորկայի» այգու հարեւանությամբ գտնվող հայտնի պատշգամբում:

Նախկին Շորսի 2 (Աճեմյան) հասցեում գտնվող Սիրուշի պատշգամբը երկու տարբեր շինություն է։ Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից։ Ինչպես նշված է պատի արձանագրության մեջ, այն պատկանել է հայտնի առեւտրական Խոյեցյաններին։ Մյուս հատվածը կառուցվել է 1900-ականների սկզբին, որտեղ տեղակայված է եղել նախկին քաղաքային փոստատունը: Կառույցներն իրար շատ նման են, անզեն աչքով գլխի չես ընկնի, որ դրանք տարբեր ժամանակներում են կառուցված:

Քիչ է ասել, որ Գյումրին մեր մշակությային, թատրոնի եւ կինոյի հիմնասյուն կորիզնն է, եւ հենց hայկական կինոֆիլմերից շատերը նկարահանվել են Գյումրու Ռուսթավելի, Աճեմյան եւ Գորկի փողոցներում, որոնք այսօր դարձել են քաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱՅԱՑԵԼ Է ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ

«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

 

Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր եւ արվեստասերներ։

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ֆիլմի շնորհանդեսը ընդգծում է հայ-հնդկական ամուր մշակութային կապերը:

«Հայ-հնդկական մշակութային կապերն ունեն երկար պատմություն եւ ամուր հիմքեր: Երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք խթանում, վերահաստատում եւ ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը եւ ծանոթացնում են հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթներին: Վստահ եմ՝ այս միջոցառումը եւս կնպաստի մշակույթի ոլորտում հայ-հնդկական արդյունավետ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի եւ ստեղծագործական նոր հնարավորությունների իրականացմանը»,- նշել է փոխնախարարը եւ հույս հայտնել, որ հայ-հնդկական համագործակցությունը կլինի շարունակական՝ հասնելով որակական նոր մակարդակի։

Ֆիլմում ներկայացված են հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, վրաց անվանի դերասան եւ ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի, հնդիկ դերասանուհի եւ պատգամավոր Հեմա Մալինիի, հնդիկ դերասան Դհարմենդրայի, ռուս դերասան եւ կինոռեժիսոր Ռոլան Բիկովի եւ այլոց հուշերը Մհեր Մկրտչյանի մասին։

Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 եւ «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության 10-ամյակներին։

Ֆիլմի շնորհանդեսն իրականացվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ։

 

 

 

ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ՊՍԺ-ԻՑ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մպաբեն վերջնականապես որոշել է հեռանալ ՊՍԺ-ից: Marca-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2022-ի ամռանը: ՊՍԺ-ն նրան առաջարկել է 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձով: Մբապեն մտադիր է այս ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել նրան ձեռք բերելու համար: Ֆրանսիայի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

 

ԹԱՐՄԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) օգոստոսի 16-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են ռուս Դանիիլ Մեդվեդեւը եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Իսպանացի Ռաֆայել Նադալը մնացել է չորրորդ տեղում, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն 9-րդն է: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 2 աստիճան եւ հայտնվել 30-րդ տեղում: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 1 աստիճան եւ զբաղեցնում է 125-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ բելառուս Արինա Սաբալենկան եզրափակում է լավագույն եռյակը:

 

 

ԿՐԿՆԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ

Բեռլինի «Հերտայի» նորեկ Ստեւան Յովետիչը, գոլի հեղինակ դառնալով «Քյոլնի» դեմ գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրի խաղում (1:3), կրկնել է պատմական ռեկորդ: Չեռնոգորիայի հավաքականի հարձակվողը պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում Եվրոպայի թոփ-5 առաջնություններից (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) յուրաքանչյուրում: 31-ամյա Յովետիչն ավելի վաղ գոլի հեղինակ էր դարձել Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակոյում», իտալական «Ինտերում» ու «Ֆիորենտինայում», իսպանական «Սեւիլիայում» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիում»: Նախկինում նման ցուցանիշ գրանցել էր միայն ռումինացի հարձակվող Ֆլորին Ռեդուչեյուն: Նա գոլ էր խփել «Մոնակոյում», իսպանական «Էսպանյոլում», գերմանական «Շտուտգարտում», անգլիական «Վեստ Հեմում», իտալական «Բարիում», «Բրեշիայում», «Վերոնայում» ու «Միլանում»:

 

 




Լրահոս