2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք ենթարկվել են համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Այս մասին ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իրավապաշտպանների կողմից կազմված արտահերթ զեկույց:
Թաթոյանն ընդծեց, որ հայ ռազմագերիների խոշտանգումները հիմնված են էթնիկ խտրականության, այսինքն՝ գերիների հայ լինելու հանգամանքի վրա։ Նախկին գերեվարվածները պատմել են ՄԻՊ-ին, որ երբ կարմիր խաչից մարդիկ էին գալիս այցելության՝ նախապես փոխում էին վերաբերմունքը։ Հատուկ դաժան են վերաբերվել տեղեկություններ ստանալու նպատակով. ցանկալի տեղեկությունների շարքում են եղել անձնական տվյալներ ստանալը, ստիպել են, որ Ադրբեջանի ղեկավարությանը փառաբանող հայտարարություններ անեն:
Թաթոյանի խոսքով՝ հատուկ դաժան վերաբերմունք են ցույց տվել Ապրիլյան պատերազմի Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցների նկատմամբ։ Ռազմագերու մարմնի վրա եռացած ջուր կամ թեյ են լցրել, հետո ծեծել են, որից հետո 21 օր չի կարողացել քայլել։ Պաշտպանի խոսքով՝ ադրբեջանցիները խախտել են նաև ռազմագերիների կրոնական իրավունքները՝ հավաքելով նրանց խաչերը։