Բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված մեքենան. գնացքը քարշ է տվել այն մոտ 250 մետր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ի գիշերը, ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում գտնվող չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Մեքենայի վարորդի՝ Այգևան գյուղի բնակչի, խոսքերով, մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձում էր դրանք հատել չարտոնված վայրում:

Վարորդը չկարողացավ միայնակ դուրս բերել մեքենան գծերից և օգնության գնաց, երբ ծանր բեռնատար գնացքն անցավ երկաթուղու այս հատվածով: Արդյունքում շարժակազմը բախվել է ավտոմեքենային և քարշ տվել այն մոտ 250 մետր, ինչի պատճառով փոխադրամիջոցը վերածվել է մետաղի ջարդոնի:

Ընկերությանը պատճառված վնասը կհաշվարկվի ավելի ուշ: Այս բախման ելքն ավելի ողբերգական կլիներ, եթե բեռնատար գնացքի փոխարեն լիներ ավելի թեթև ուղևորատար էլեկտրագնացք:

Քաղաքացիների կողմից կամայականորեն կառուցված չարտոնված երկաթուղային գծանցումները հանդիսանում են գնացքների երթևեկության անվտանգության, քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքների կայուն աղբյուր: Հարավկովկասյան երկաթուղին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, մշտապես աշխատանքներ է տանում դրանց ապամոնտաժման ուղղությամբ, սակայն բախվում է տեղի բնակիչների հակազդեցությանը:

Ներկայումս ընկերության հիմնական ուղղություններում առկա է 23 չարտոնված գծանցում: Միայն 2021 թվականին ընկերությունը ապամոնտաժեց երեք նման անցում, սակայն դրանք կրկին կառուցվեցին բնակիչների կողմից: Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցությունը իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հույս ունի քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքի վրա:

Ընթացիկ տարում սա չթույլատրված գծանցումներում վթարների արդեն 8-րդ դեպքն է:




Լրահոս