«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Մարտին Հովհաննիսյանը, ում խոսքով՝ խախտվել է իր՝ սեփականության իրավունքը: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Երեւանի Արշակունյաց պողոտայի 18/2 հասցեում սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքը վարձավճարով հանձնել եմ «ՍՄԱՐԹԱՐՄ» ՍՊԸ-ին՝ գործարար Վահե Պետրոսի Ղամբարյանին: Սույն թվականի սեպտեմբերի 28-ին «Բյուրեղ» շինարարական կազմակերպությունը (սեփականատեր՝ Աշոտ Արսենյան), առանց զգուշացնելու, դիտավորյալ խախտելով իմ սեփականության իրավունքները, քանդելով իմ զբաղեցրած տարածքի տանիքը, անջատելով հոսանքի եւ ջրի սնուցումը, փակելով ճակատային մասը՝ անհնարին է դարձրել իմ՝ սեփականության իրավունքով զբաղեցրած տարածքի օգտագործումը: Այսպիսով, մեզ զրկել են մեր ապրուստի միջոցներից՝ մի կողմից՝ իմ ընտանիքին՝ թոշակառու ամուսիններիս եւ չաշխատող երեխայիս, մյուս կողմից՝ վերը նշված վարձակալին: Մի կողմից՝ Եվրամիությունը Հայաստանին ֆինանսավորում է միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար, մյուս կողմից՝ պետության թողտվությամբ օլիգարխները լկտի գործում են Հյուսիսային պողոտային գործելաոճով («թավիշով»): Եթե կարճ ժամկետում չլուծվի վերը նշված հարցը, չվստահելով պետությանը եւ այսօրվա դատարաններին՝ ես դիմելու եմ Եվրադատարան եւ Եվրամիություն, որ դադարեցվի փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը, քանզի Հայաստանում այն նպատակին չի ծառայում:
Դիմող՝ Մարտին Արտաշի Հովհաննիյան, Երեւանի Գրիգոր Լուսավորիչ 12շ. բն. 15»:
Այս հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմել է «Ջերմուկ գրուպ» ընկերությանը, որտեղից տեղեկացրել են.
«Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերությունն իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Երեւան, Կենտրոն վարչական շրջան, Արշակունյանց պողոտաս, հ. 18 հասցեում գտնվող մոտ 40.000 քմ. հողամասի վրա բազմաֆունկցիոնալ բնակելի հասարակական եւ առեւտրային համալիրի կառուցում:
Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարեւանությամբ գտնվում է ք. Երեւանի, Արշակունյաց պողոտա 18/2 հասցեում Մարտին Հովհաննիսյանին եւ Ռուզաննա Գալֆայանին պատկանող 91.6 քմ. տարածքով շինությունը: Ընկերությունն առաջարկել է Մարտին Հովհաննիսյանին եւ Ռուզաննա Գալֆայանին շուկայական արժեքով ձեռք բերել վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւանի, Արշակունյաց պողոտա 18/2 հասցեում գտնվող գույքը: Կողմերը եկել են համաձայնության, սակայն գործարքի կնքման ժամանակ Մարտին Հովհաննիսյանը եւ Ռուզաննա Գալֆայանը փոխել են նախնական համաձայնությունն ու պահանջել, որպեսզի ընկերությունն իրենց գույքի դիմաց կառուցվող բնակելի համալիրից տրամադրի բնակարան, ավտոկայանատեղի եւ գումար, որոնց հանրագումարը 1.5-2 անգամ գերազանցել է Մ. Հովհաննիսյանին եւ Ռ. Գալֆայանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտա 18/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքից:
Ընկերությունն այս պայմանին էլ է համաձայնել, սակայն ընթացքում Մ. Հովհաննիսյանի եւ Ռ. Գալֆայանի կողմից եւս հավելյալ պահանջներ են ներկայացվել, որի արդյունքում ընկերության կողմից վերջիններիս գույք ձեռք բերելը ընկերության համար դարձել տնտեսապես ոչ շահավետ: Ընկերությունը ստեղծված իրավիճակում առաջարկված պայմաններով հրաժարվել է ձեռք բերել Մ. Հովհաննիսյանին եւ Ռ. Գալֆայանին պատկանող գույքը:
Ինչ վերաբերում է Մարտին Հովհաննիսյանի այն պնդմանը, թե, իբր, կառուցապատող ընկերությունը դիտավորյալ խախտել է վերջինիս սեփականության իրավունքը, առանց զգուշացնելու քանդել է տարածքի տանիքը, անջատել հոսանքը եւ ջրի սնուցումը, փակել շինության ճակատային մասը՝ անհնարին դարձնելով վերջինիս սեփականության իրավունքով պատկանող զբաղեցրած տարածքից օգտվելը, ակնհայտ անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերությունը բազմաֆունկցիոնալ բնակելի, հասարակական եւ առեւտրային համալիրի կառուցումը իրականացնում է բացառապես ՀՀ օրենսդրությանը, նախագծային փաստաթղթերին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերին եւ սահմանված քաղաքաշինական պահանջներին համապատասխան: Շինարարության կառուցման ընթացքում չի խոչընդոտել եւ վնասել որեւէ երրորդ անձանց իրավունքները, առավել եւս՝ Մարտին Հովհաննիսյանին եւ Ռուզաննա Գալֆայանին պատկանող գույքային իրավունքները:
Եթե ողջամիտ առաջարկ լինի Մ. Հովհաննիսյանի եւ Ռ. Գալֆայանի կողմից վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտա 18/2 հասցեում գտնվող գույքի վաճառքի հետ կապված, ընկերությունը պատաստակամ է քննարկել ներկայացված առաջարկը:
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժ/պ Վլադիմիր Պողոսյան»:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության մասով:
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Վիրտուալ իրականություն, 25 գբ/վ ցանց, 4K TV եւ այլն. «Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները եւ ընկերության առաջադեմ ծառայությունները: Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները եւ պարգեւում լիովին ազատ լինելու զգացմունքը: DigiTec-ում Team Telecom Armenia-ի տաղավարի հյուրերին ընկերության աշխատակիցները կպատմեն նորագույն Next Generation Network (NGN) ցանցի մասին, որը ապահովում է 25 գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: 25G-PON տեխնոլոգիայով այս ցանցը արդեն աշխատում է Դավթաշեն վարչական շրջանում, Գնդեվազ ու Քաջարան համայնքներում: Մինչեւ տարեվերջ այն հասանելի կլինի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաեւ Ջերմուկ ու Հրազդան քաղաքների բնակիչների համար:
Համացանցում իրական ազատությունը գնահատող հաճախորդներին «Թիմը» առաջարկում է BeeFree սակագնային փաթեթ, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ եւ անվերջ շփվելու հնարավորություն: Ազատության զգացմունքը ավելի արտահայտիչ դարձնելու համար հյուրերը կարող են ծանոթանալ վիրտուալ իրականության (VR) աշխարհի հետ՝ խաղալ VR խաղեր, դիտել ու մասնակիցը լինել 360 աստիճանով նկարահանված տեսահոլովակների սյուժեին: Ժամանակակից թվային հեռուստատեսության սիրահարների համար «Թիմը» եւս նորություն ունի: Team Telecom Armenia-ն TeamSolutions ընկերության հետ համատեղ ներկայացնում է TeamTV նոր պորտալ՝ 4K կոնտենտով, որը նաեւ աշխատում է Android SmartTV-ներում: Այս ժամանակակից պորտալը հագեցած է այդ թվում եթերի կառավարման արդիականացված համակարգով:
1071 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 309397 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2110256, վերջին մեկ օրում` 12835 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 30978 պացիենտ. մեկ օրում նվազել է 629-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 270741 անձ, վերջին մեկ օրում՝ 1641 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 51 քաղաքացի, մահացածների թիվը 6379 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1299 է:
ՄԱՐՏԱԿԱՆ ՆՌՆԱԿ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎՐԱ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է Մհեր Հրաչյայի Սարգսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժի վարչական շենքի հետնամասում՝ Ծաղկանոց կոչվող զբոսայգու տարածքում, ուրիշի գույքը դիտավորյալ պայթյունի եղանակով վնասելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող, ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակ է նետել ոստիկանության Տավուշի բաժնի վարչական շենքի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել են այդ շենքի պատերը եւ աշխատասենյակի ապակիները՝ պատճառելով 154 հազար դրամ գույքային վնաս։ Մ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով։ Նա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՈՔ ԷԼ ԽՆԴԻՐԸ ՉԼՈՒԾՎԵՑ
Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ ի տարբերության այլ մարզերի՝ Տավուշում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կենսաթոշակառուների ատամների պրոթեզավորում չի կատարվում: ՀՀ կառավարության՝ 2004 մարտի 4-ի համար 318-Ն որոշմամբ՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոտեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Սակայն անցած 17 տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել: Տավուշում ատամների պրոթեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել:
Պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին ոչ մի անգամ ֆինանսավորում չի հատկացվել: Տավուշում պետբյուջեի միջոցներով պրոթեզարան չգործելու 2 պատճառներ են նշվում՝ նման ծառայություն մատուցելու համար պետականորեն լիցենզավորված աոռղջապահական կազմակերպության բացակայությունը եւ պետբյուջեից պրոթեզարանի գործունեության համար գումարներ չհատկացնելը: Ծագումով Իջեւան քաղաքից վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է որ մտահոգեր իր հայրենակից կենսաթոշակառուների համար կարեւոր այդ խնդրի լուծումը, սակայն չի մտահոգել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ