Ադրբեջանական հարթակները հայերենով հաղորդագրություն են ուղարկում գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։

«Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր։

Ակներև է, որ այժմ, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից և հանդես գալով իբրև թե մարդասիրական նախաձեռնությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք փորձ է արվելու օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ»,-ասված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։




Լրահոս