Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սևան համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը․ տեղեկացնում են Սևանի քաղաքապետարանից։ «Ավագանու նիստը վարում էր ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը:

Կամո Ավագյանը հայտարարեց նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020թ. 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը: Թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշմամբ Սևան համայնքի ընտրված ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք` 21 մանդատ. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 3 մանդատ. «Հանրապետություն» կուսակցություն` 3 մանդատ:

Նիստը վարողը ընթերցեց ավագանու ընտրված անդամների անունները` ըստ կուսակցությունների և դաշինքի: Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի ընտրությանը: Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը` Սևան համայնքի ավագանին որոշեց` Սևան համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը:

Սևան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունելով ավագանու անդամներին, նշեց, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացավ վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է: «Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սևանի տարածաշրջանի առումով, և տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սևանը դառնալու է հանրապետության ներկայանալի և օրինակելի համայնքներից մեկը»,- եզրափակեց իր խոսքը Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի վերաբերյալ, այն է` Հայաստանի Հանրապետության գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին, ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում:

Երդման արարողությունից հետո Սևան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները: Օրակարգային վերջին հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, վեաբերյալ համայնքի ավագանին ընդունեց որոշում: Սևան համայնքի ավագանին նիստ կգումարի դեկտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում»,- ասված է հաղորդագրությունում։




Լրահոս