Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ավազակության մասին հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տուժողից հաղորդում ընդունեց։ Ըստ նրա՝ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, մի բնակիչ մտել էր իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել էր ծխախոտն ու այլ ապրանքներ։ Խանութից դուրս գալիս կինը պահանջել էր, որ վճարի։
Տղամարդը գրպանից հանել էր դանակը, հարվածել տաղավարին դրված կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս էր եկել։ Դեպքից որոշ ժամանակ անց նա վերադարձել էր նույն խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` հարձակվել էր նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով խանութպանի եղբայրն իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից կրակել էր օդ, ինչից հետո դանակավորը հեռացել էր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածվողի ինքնությունը։
Ժամը 13.20-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Վանաձորի Դեմիրճյան փողոցում, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։ Նա ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։