300 հազար դրամը գերազանցող գործարքները՝ միայն անկանխիկ. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով ընդլայնվում է անկանխիկ գործառնությունների դաշտը: Այս նախագիծը խորհրդարանում ընդունվեց  66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով նախատեսվում է օրինակ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձեւով: Սակայն այս փոփոխությունները ավելի լայն շրջանակ են ենթադրում: Օրինակ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասելով 30 հազար դրամի:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվելու են բացառապես անկանխիկ ձեւով:

Ներկայացնում ենք օրենքից մի քանի մեջբերումներ. «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձեւով 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից, 2024 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձեւով»:

Մեկ այլ հոդվածում ասվում է. «Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձեւով սկսած 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից, 2024 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից»:

Բացի այդ, սկսած 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում)՝ մատուցված բժշկական ծառայությունների բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով: Իսկ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կրթական հաստատություններում՝ մատուցված կրթական ծառայությունների բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով: Բացի այդ, ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձեւով:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումները/վճարումների ստացումը) սկսած 2022 թվականի հունվարի 1-ից իրականացնում են անկանխիկ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված դեպքերի:

Ն.Հ.




Լրահոս