ՀՀ ՄԻՊ Արման թթաոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Նոր արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին` անորոշ կարգավորումների պայմաններում:
Նախ, զեկույցում առաջ է քաշվել մեր այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով:
Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։
Զեկույցով կարևորվել է լրագրողների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը պատասխանատու լրագրության կանոններով: Առանց պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի հնարավոր չէ ապահովել լրագրողների լիարժեք պաշտպանություն:
Մենք ենք նաև պարբերաբար կազմակերպում քննարկումներ ու աշխատաժողովներ լրագրողների համար տարբեր մասնագիտական ուղղություններով (կանանց իրավունքներ, աշխատանքային իրավունքներ և այլն)՝ նպաստելու համար լրագրողների բարձր մասնագիտական աշխատանքին:
Սույն արտահերթ զեկույցը նպատակ ունի ևս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարևորությունը և ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները:
Զեկույցն ամրագրում է, որ գոյություն չունեն իրավական կոնկրետ ու հստակ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները ԱԺ նստավայրի տարածքում և շենքում ։
Խնդրահարույց է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ բացասական հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենքի մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:
Լրագրողների համար չի իրականացվել պատշաճ իրազեկում իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների սահմանների, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում բացասական հետևանքների վերաբերյալ:
Բացի այդ, զեկույցում անդրադարձել ենք նրան, որ անորոշ կարգավորումների ու օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ Կառավարության և Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների մասնագիտական աշխատանքի քննարկվող սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ:
Չի կարող ընդունելի լինել, որ այն էլ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև այլ մարմինների մոտ լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:
Զեկույցում նաև մանրամասն վերլուծված է Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների անթույլատրելի վարքագիծն ու արարքները լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ ապօրինի սպառնալիքների ներքո լրագրողներին ապօրինի պահանջներ ներկայացնելը (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:
Հատուկ արձանագրում ենք, որ Ազգային ժողովի անվտանգության ապահովումը հիմնարար կարևորություն ունի, սակայն լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան. վիճարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին:
Այսպիսով, առիթը համարելով ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումները և այդ հարցում ՍԴ-ին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, հաշվի առնելով, որ ԱԺ-ում անորոշ կարգավորումները նպաստում են լրագրողների իրավունքների սահմանափակումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց, որում մանրամասն վերլուծված են վիճարկվող կարգավորումների հիման վրա կիրառվող սահմանափակումների իրավաչափությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ներկայացված են լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքի ապահովման կանոններ:
Զեկույցի հղումը` https://ombuds.am/…/a40f8132dd39d17f27fd7c0ffd2f53d6.pdf