Այսօր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը: Պատճառն այն է, որ գյուղը սպասարկող թիվ 44 երթուղու շահագործման ժամկետը լրացել է, ու գյուղացիները զրկվել են այդ երթուղուց։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ վերականգնել Երեւանի հետ կապող իրենց երթուղին: Նշենք, որ 44 երթուղին սպասարկում էր Մարմարաշենից Արգավանդ ճանապարհը՝ անցնելով Նոր Խարբերդ- Նորագավիթ- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնք գծով։ Բացի այս, գյուղի բնակիչներին զայրացրել է նաեւ այն, որ Արարատի նորանշանակ մարզպետ Սեդրակ Թեւոնյանը չի բարեհաճել հանդիպել բնակիչների հետ: Ի դեպ, նշենք, որ մինչ Սեդրակ Թեւոնյանը (ՔՊ-ական նախկին պատգամավոր) Արարատի մարզպետը նրա հայրն էր՝ Ռազմիկ Թեւոնյանը:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ զրուցեց Սեդրակ Թեւոնյանի հետ եւ հետաքրքրվեց՝ կվերականգնվի արդյոք հին երթուղին: Մեր հարցին ի պատախան մարզպետն ասաց. «Կլուծենք, անպայման կլուծենք այդ հարցը: Շուտով կլսեք այդ մասին: Փոխարինող մի բան կմտածենք, մինչեւ մեր միասնական ծառայության երթուղին գործի: Զբաղվում ենք: Կարճ ժամկետներում այդ հարցը կլուծվի: Ես տեղյակ եմ խնդրին»:
Մեր հարցին՝ ինչու չեք հանդիպում գյուղի բնակիչների հետ, մարզպետն ասաց. «Ես հանդիպել եմ իրենց հետ, որ խոսքեր կասեն՝ մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ: Այսօր, որ կարիք լինի կհանդիպեմ, բայց այս պահին մենք փորձում ենք հարցին լուծում տալ»:
Ս.Հ.