ArmLur.am-ի զրուցակիցն է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, կարող եք ասել՝ հայերն այս պահին ի՞նչ իրավիճակում են գտնվում Ուկրաինայում: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:
-Խարկովի Պատվավոր հյուպատոսության աշխատակիցներն այս պահին գտնվում են հյուպատոսական շրջանում, համեմատաբար անվտանգ վայրում և իրականացնում են իրենց գործունեությունը: Օժանդակում ենք քաղաքացիների տարհանման հարցում, մշտապես գտնվում ենք նրանց հետ կապի մեջ: Անհրաժեշտության դեպքում գտնում ենք լուծումներ դեղորայքի և սննդի մատակարարման հարցում: Տրվում է տվյալ պահին ակտուալ տեղեկատվություն տարհանող գնացքների ժամանակացույցի, ինչպես նաև սեփական մեքենաներով Խարկովից ուղևորվողներին` տվյալ օրը համեմատաբար անվտանգ ճանապարհների վերաբերյալ խորհրդատվություն: Նաև անհրաժեշտության դեպքում գտնում և տրամադրում ենք մեքենաներ` ինչպես քաղաքում տեղաշարժվելու, այնպես էլ դեպի անմիջապես Եվրոպայի սահման քաղաքացիներին տեղափոխելու համար:
-Ի՞նչ խնդիրների եք հանդիպում այդ աշխատանքներն իրականացնելիս:
-Խնդիրները հիմնականում առաջացնում են չավարտվող հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները: Հարկ է նշել նաև որոշ հայազգի անհատների անձնուրաց աշխատանքի մասին:
-Իսկ դեղորայք, սնունդ, ավտոմեքենաներ գտնելու հետ կապված խնդիրներ կա՞ն:
-Քաղաքային իշխանությունները և նաև տարբեր անհատներ գտնում են լուծումներ՝ կապված սննդի և դեղորայքի մատակարարման հետ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը