ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է սահմանափակել կանխիկ եղանակով եւ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը, իսկ ամիսներ անց՝ նաեւ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը: Նախատեսվում են սահմանափակումներ նաեւ շահումով խաղերի գովազդի հետ կապված: Նման քայլերի գնալու պատճառն այն է, որ Հայաստանում խաղադրույքների թիվը մի քանի անգամ աճել է, ինչն անհանգստացնող է:

 

ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ նման մոտեցումները կարեւոր են, իրենց ազդեցությունը կթողնեն կանխարգելման համատեքստում: «Ամենակարեւորը պետք է ուշադրություն դարձնել գովազդին: Ի՞նչ իրավիճակ ունենք. լուրեր կարդալիս, ֆիլմեր դիտելիս, սոցիալական ցանցերում իրադարձություններին հետեւելիս շահումով խաղերի ագրեսիվ գովազդն է: Անվերահսկելի  գովազդ է դաշտում: Մեր երիտասարդները մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում, ու խաղերով տարվելու ռիսկը մեծ է: Շատերը պատկերացում չունեն բուքմեյքերական ընկերությունից, բայց այնքան գովազդ է արվում, որ դա չի կարող իր ազդեցությունը չթողնել»,- ասել է Սուրեն Նազինյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանը նույնպես այն կարծիքին է՝ շահումով խաղերի գովազդն իր ազդեցությունը թողնում է: Դրանից բացի, ազդող գործոններն են ընտանիքի դաստիարակությունը, շրջապատը: Մեկ անգամ փորձնական խաղում են, ու դրանից հետո հավանականությունը մեծանում է, որ կձեւավորվի կախվածություն:

Թե Հայաստանում կոնկրետ քանի մարդ ունի պաթոլոգիական կախվածություն խաղերից, դժվար է ասել, քանի որ չկա հետազոտություն: «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2020 թվականին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որի նպատակն էր աջակցություն տրամադրել ինչպես նարկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, այնպես էլ խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումով անձանց: Գեւորգ Փաշիկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ խնդիրը կա, այն տարածում ունի, սակայն շատերը չեն դիմում մասնագետին:

«Հայաստանում մեր ունեցած շփումները վկայում են, որ խաղամոլության պաթոլոգիկ հակում ունենալու խնդիրը կա, սակայն դիմելիությունը մասնագետներին քիչ է: Հիմնականում դիմում են խնդիր ունեցողների հարազատները խորհուրդ հարցնելու նպատակով: Անձամբ խնդիր ունեցողը հազվադեպ է դիմում: 2020 թվականից մինչ այսօր մեզ մոտ դիմելիություն եղել է 25 անձի հետ կապված: Խաղերի նկատմամբ կախվածություն ունեցողները հիմնականում երիտասարդներ են: Իհարկե, հարազատները երբ դիմում են, մենք աջակցում ենք խորհրդատվությամբ, սակայն ավելի էֆեկտիվ է, երբ անձն է դիմում: Մենք ունենք համապատասխան մասնագետներ ծառայություններ բուժումը կազմակերպելու համար: Բուժումը կարող է լինել հոգեբանական ծառայությունների, դեղորայքի տեսքով»,- նշել է Գեւորգ Փաշիկյանը: Թե ինչու են մարդիկ խաղում, որն է գլխավոր շարժառիթը, մասնագետի խոսքով, խաղամոլության հիմնական շարժառիթներից է հեշտությամբ գումար աշխատելը:

«Շատերը խաղում են՝ մտածելով, որ հեշտ տարբերակով գումար կաշխատեն, սակայն չեն մտածում, որ խաղերը կազմակերպիչները դրանք կազմակերպում են, որ իրենք հարստանան, ոչ թե խաղացողները: Շատ են դեպքերը, որ ազատ ժամանակ խաղում են, փորձում են ու ժամանակի ընթացքում կախվածություն են ձեռք բերում»,-ասել է Գեւորգ Փաշիկյանը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, ոը նախատեսվում է արգելել ինտերնետային շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը: Օրենքով կարգավորումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա ընթացքում:

Ն. Պ.

 

 

ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԵՐԿԱՆԱԼ

Նոյեմբերյան համայնքի գյուղերից մեկի երիտասարդ բնակչուհի, մի քանի երեխաների մայրը  սոցցանցի իր էջում  գրառումով երիտասարդ կանանց եւ աղջիկներին հորդորել է հեռու մնալ համացանցում  «Կրիստալ մոդել»  գովազդային գործակալության անունից հանդես եկողից։ Նա «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում պատմել է, որ սոցցանցում իրեն գրառում ուղարկածը, «Կրիստալ մոդել»  գովազդային գործակալության Աննա անունով մենեջեր ներկայացածը գեղեցիկ արտաքինով կանանց եւ աղջիկներին առաջարկել է գործ՝ ամսական 400 հազար դրամ աշխատավարձով։

 

Գործակալությունում առցանց աշխատանք ստանալու համար կանայք եւ աղջիկները պարտավոր են նրան 4 հատ իրենց հագուստով լուսանկար ուղարկել՝ տարբեր դիրքերից, եւ 4 հատ լուսանկար՝ լողազգեստով։  Աշխատանք առաջարկողը կանանց ուղարկել է 7 տարի մոդելային բիզնեսում գործող գովազդային գործակալության հավաստագրերով,  դիպլոմներով եւ  երիտասարդ կանանց եւ աղջիկների լուսանկարներով հաղորդագրություն, որպեսզի կանայք համոզվեն, թե ինչքան լուրջ գործակալություն է ներկայացնում ինքը։ Լողազգեստով, բաց դեմքով  լուսանկարներ ստանալուց հետո գովազդային գործակալության մենեջեր  ներկայացածը  աղջիկներից եւ կանանցից պահանջել է մերկ վիճակում իր հետ վիդեոչաթի դուրս գալ, իբր, այն բանի համար, որ համակարգիչը ստուգի, թե նրանց  ուղարկած լուսանկարները այդ կնոջը, աղջկան են պատկանում արդյոք, թե ոչ։

Նոյեմբերյանի բնակչուհին, խաբեություն զգալով, մերժել է այդ առաջարկը, սպառնացել առաջարկողի  հանդեպ քրեական գործ հարուցել։ Վերջինս անկեղծանալով ասել է, որ ինքը տղամարդ է, ներկայումս գտնվում է ազատազրկման վայրում,  քրեական գործի հարուցումից  էլ չի վախենում։ Նա նաեւ հայտնել է, որ իր հետ «վիդեոչաթ» մտած կանանց եւ աղջիկներին շանտաժ անելով՝  առաջարկում է  գնալ ազատազրկման վայր եւ իր հետ հանդիպում ունենալ։ Նոյեմբերյանի բնակչուհին ասաց, որ «Կրիստալ մոդել» անունով գովազդային գործակալությունն իրականում  գործում է,  խաբեբան  պատճենել է այդ ընկերության էջը եւ հանդես է գալիս  այդ ընկերության անունից։ Նա լուսանկարվելու, գովազդային գործակալության աշխատակից դառնալու առաջարկներ է արել Հայաստանի  տարբեր վայրերում ապրող կանանց եւ աղջիկների,  նրանց ասել է, որ փոստով  մեկ շաբաթից իրենց բնակավայրում կստանան գեղեցիկ հագուստներ, որոնցով պետք է լուսանկարվեն, նաեւ պահանջել  է բանկային քարտերի հաշվեհամարներ, որպեսզի  կարողանա  աշխատավարձի գումարներ փոխանցել: Նոյեմբերյանցի կնոջ խոսքով՝ Երեւանի բնակիչ 18-ամյա աղջիկ, ում ընտանիքը սոցիալապես անապահով է, լողազգեստով, դեմքը բաց լուսանկարներ է ուղարկել խաբեբային եւ շատ վատ վիճակում հայտնվել. խաբեբան նրան սպառնացել է այդ  լուսանկարները ուղարկել աղջկա հարազատներին եւ տարածել համացանցում։ Նոյեմբերյանցի կինը դիմել է ԱԱԾ Նոյեմբերյանի բաժնի աշխատակցին խաբեբային  ինքնությունը բացահայտելու եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով ավելանում են: ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար ամսին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 16 մլն 875 հազար 100 դոլար: Նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 1 մլն 296 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Մեզ հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Մեր հանրապետություն մարդասիրական օգնություն  ուղարկողների ցանկում կան նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 35 հազար 900 դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 177 հազար 800 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվարին Հայաստան եկել է 7000 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարեսկզբին Հայաստանը Շվեցարիայից 135 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ նախորդ տարվա նույն ժամականահատվածում այս երկրից մարդասիրական օգնություն չի եկել:

Ի դեպ, ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրներից նախորդ տարվա հունվար ամսին եւս մարդասիրական օգնություն չի ստացել Հայաստանը: 2020 թվականի հունվարին Ռուսաստանից 5900 դոլարի չափով է ստացվել օգնություն: Ուկրաինայից եւս նախորդ տարի եւ 2020 թվականի հունվարին մարդասիրական օգնություն չի եկել:

Հնդկաստանից Հայաստան ստացվող օգնության ծավալներն են զգալի պակասել: Հնդկաստանից Հայաստանը 2021 թվականի հունվարին 45 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, բայց այս տարեսկզբին այն դարձել է 900 դոլար:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է մարդասիրական օգնության ծավալը. եթե նախորդ տարվա հունվարին Հայաստան Չինաստանից եկել է 255 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 55 հազար 900 դոլար: Նկատենք նաեւ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից այս տարվա հունվարին Հայաստան ստացվել է 1 մլն 430 հազար դոլարի մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 430 հազար 300 դոլար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս