Չեմ կարծում, որ այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և՛ ՀՀ մեր գործընկերները, և՛ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,- ասել է Ա. Թովմասյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն, և սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:
«Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգության համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Ա. Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում՝ դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում: