ԱՐԱԲՈՆ՝ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ԵՎ ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար դադարից հետո սիրված երգիչ Արաբո Իսպիրյանը ապրիլի 7-ին՝ մայրության եւ գեղեցկության օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունեցավ մեծ մենահամերգ: Երգիչը մենահամերգի առաջին մանրամասները վստահել է  ArmLur.am-ին:

 

«Ինձ համար նույնպես շատ սպասված եւ կարեւոր է այս մենահամերգը: Երկար դադարից հետո, երբ ինձ առաջարկեցին կրկին մենահամերգ ունենալ իմ հայրենիքում, Ռուսաստանի Դաշնությունում էի եւ սիրով ընդունեցի: Համերգը տեղի ունեցավ  կենդանի նվագակցությամբ: Համերգի ընթացքում եղան հաճելի եւ անսպասելի անակնկալներ, հնչեցին նոր երգեր, որոնք առաջին անգամ կատարեցի»,- նշեց Արաբոն:

Մեզ հետ զրույցում Արաբոն հետաքրքիր փակագծեր բացեց մենահամերգից: Բանն այն է, որ առաջին անգամ նա բեմում է եղել ողջ համերգի ընթացքում միայնակ, անգամ նրա հայրը՝ Ներսիկ Իսպիրյանը, չի երգել:

«Պետք է ասեմ, որ  առաջին անգամ իմ մենահամերգին երգում էի միայն ես, միայն ես էի բեմում, անգամ հայրս՝ Ներսիկ Իսպիրյանը, չերգեց: Ոչ մեկին անձնապես չեմ հրավիրել: Սպասելիքներս եւ ակնկալիքներս  մեծ էին եւ, ինչպես միշտ, արդարացան: Հուսով եմ, որ հանդիսատեսը ու երկրպագուներս նույնպես հավանեցին: Կարծում եմ՝ վաղուց էր պետք նման ջերմ մթնոլորտում մենահամերգ ունենալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մենահամերգից հետո սպասվում են շրջագայություններ, մենահամերգներ եվրոպական մի շարք երկրներում եւ քաղաքներում:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը խոսել է այն խնդիրներից, որոնց պարբերաբար առնչվում են: Թիմը Եվրոպայի առաջնությունից նոր է վերադարձել, որտեղ չորս մեդալ է նվաճել, իսկ թե ինչ դժվարությունների միջով է անցել, պարզաբանել է մարզիչը: «Հույս ունեմ՝ մենք էլ կկարողանանք հետագայում մեր մարզիկներին այնպես հանել գորգ, ինչպես անում են շատ երկրների ներկայացուցիչներ: Մեր բյուջեն է քիչ, միշտ գումարը չի բավականացնում ավելի լավ պատրաստվել: Եղածով ենք կռիվ տալիս այն թիմերի դեմ, որոնք ամեն ինչ ունեն, այդ թվում՝ մի քանի բժիշկ ու մերսողներ: Մերսողն ու բժիշկը մեզ հետ աշխատում են, բայց աշխատավարձ չեն ստանում, մրցումների առանց նրանց ենք մեկնում: Մեզ մոտ պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել մրցավարության հարցը լուծելու համար: Հավասար մարզիկների պայքարում մրցավարների միջամտության արդյունքում մեդալներից ենք զրկվում: Արդեն չորրորդ ամիսն է՝ երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին վիտամիններ ու նոր հագուստ չեն տվել, հնով են ելույթ ունենում: Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում էլ ենք նրանցից ավելի լավ արդյունք պահանջել: Այս հարցերը 15 օր առաջ բարձրաձայնել ենք ԿԳՄՍ-ում ու խոսել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան հետ: Սպասում ենք պատասխանի:  Գեւորգ Ղարիբյանը մեկ ձեռքով էր ԵԱ-ում գոտեմարտում, բայց չկարողացանք նրան լավ վիճակի հասցնել, որ լիարժեք մասնակցի: Անձնական գումարներով է բուժումը ստացել: Այնքան խնդիրներ ունենք, որ չենք կարողանում ավելի լավ մասնակցել: Օլիմպիական խաղերում երեք մեդալ ենք նվաճել. երբ բարձրաձայնեցինք խնդիրների մասին, մասնավորապես վատ մրցավարության, մեր սպորտային ղեկավարությունը դրա հետեւից չգնաց: Ի՞նչ քայլեր գործադրեցին. այ սա է անտարբերությունը: Մենք կռվում ենք մեր երկրի համար, իսկ երբ իրենք պետք է կռվեն մեզ համար, ոչ մի քայլ չեն անում: Իսկ Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս»,-ասել է նա:

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է 

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է իսպանական «Վիլյառեալից» կրած 0։1 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ «Արժանի էինք այս պարտությանը։ Մեր թիմն այնքան էլ լավ տեսք չուներ։ Առաջին խաղակեսում պակասում էր հզորությունը պաշտպանությունում, իսկ գրոհելիս ոչ մի գոլային պահ չստեղծեցինք։ Երկրորդ խաղակեսը խելահեղ ստացվեց։ Մենք կորցրեցինք վերահսկողությունը, քանի որ ցանկանում էինք գոլ խփել, բայց կարող էին եւս երկու գոլ բաց թողնել»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Թիմերի պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 12-ին։

 




Լրահոս