Հայկական կողմը թաքցնում է դեպքերը։ Բանն այն է, որ օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետեւանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հրապարակում է արել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն եւ ՊԲ-ն որեւէ տեղեկատվություն չեն հրապարակել։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ միջադեպը ռուսական կողմը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։
Արցախի տեղեկատվական շտաբը միայն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հատվածում, սակայն դեպքի մասին տեղեկատվություն չէր տվել։ Նշենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում եւ առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։ Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին՝ վիրավորվել։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաեւ ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։
Երկու օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձեւավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի իշխանական թեւից փորձեց մանրամասներ իմանալ թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի, թե՛ Փաշինյան-Ալիեւ ապրիլվեցյան հանդիպման մասին: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից անդին որեւէ այլ մանրամասնության չէին տիրապետում: Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցեր լսելիս իշխանական պատգամավորները խուսափում ու «շտապում են»՝ ըստ երեւույթին ցանկանալով նրբորեն թաքցնել, որ իրենց պատասխանատու կառավարական կաբինետը հանդիպումներից, բանակցություններից կամ հեռախոսազրույցներից հետո մանրամասներ չի հայտնում, քննարկումներ չի ունենում, կարճ ասած, ԱԺ-ին հաշվետու չեն: ՔՊ-ական պատգամավորները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարագավորմանը վերաբերող հնարավոր ապագա հանդիպումների կամ հեռախոսազրույցների մասով հորդորեցին սպասել նախարարության կամ կառավարության հերթական հաղորդագրությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն եւս հրավիրեն քննիչ հանձնաժողով եւ հրավիրելուց առաջ մի քանի օր շուտ այդ մասին տեղյակ պահեն։ Նիկոլ Փաշինյանին կանչելու են քննիչ հանձնաժողով, իսկ թե երբ, հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը դեռեւս փաստահավաքության գործունեության փուլում է եւ այլ աշխատանքներ չի արել, մարդկանց չի հրավիրել։
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին մահացել է 6 հազար 30 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5 հազար 431, այսինքն՝ այս տարի 599-ով ավելացել է մահացածների քանակը: Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա երկու ամիսներին մահացել է 3353 մարդ: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մահացել է 875 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին Covid-19-ից մահացել է 465 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 490 մահվան դեպք է արձանագրված: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ում ծնվածների թիվն է պակասել. այս տարվա առաջին երկու ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 5344, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5533, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 5294, այսինքն՝ ծնվածների քանակն 189-ով պակասել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։