Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, Հորդանանում ավանդաբար հայ համայնքի առկայությունը, Հանրապետության նախագահի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար:

Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր գլխավորած պատվիրակությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրների համագործակցությունը շարունակաբար զարգանա և ընդլայնվի:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է կայուն խաղաղության հաստատումը՝ երկխոսության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:




Լրահոս