ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ հասարակությունն ընդդիմադիր գործիչների արմատական ու հստակ գործողություններ է ակնկալում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Արցախի մասով «անջատում հանուն փրկության» բանաձեւն էր առաջ քաշում: Հարց է տալիս՝ ի՞նչ եղավ այդ բանաձեւի հետ:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն անժամկետ նստացույց է սկսել Ազատության հրապարակում: Նրանց են միացել շատ ուժեր:

-Տիկի՛ն Թովմասյան, դուք պարբերաբար Ազատության հրապարակում եք, ի՞նչ եք նկատել մարդկանց խոսքերից, տրամադրվածությունից:

-Բոլորը խորհրդարանական ընդդիմությունից սպասում էին գործողություն, ասում էին՝ արդեն ուշացել եք, ավելի վաղ էր պետք նման քայլի դիմել: Մարդիկ սպասումներ ունեն եւ արմատական գործողությունների սպասումներ: Նրանց բոլորի ասածը նույնն է. Նիկոլ Փաշինյանը մեզ խաբել է: Հիմա մարդիկ ուզում են՝ այդ խաբվածությունը մաքրեն, սխալն ուղղեն եւ մարդիկ մեզանից սպասում են գործողություններ: Մենք՝ որպես խորհրդարանական խմբակցություն, պատգամավորներ, բնականաբար, ականջալուր ենք քաղաքացիների պահանջին, եւ մենք բոլորս միացել ենք ու գնալու ենք մինչեւ վերջ: Թե ինչ կլինի հետագայում, դժվար է ասել, սակայն մեր վճռականության վրա թող ոչ ոք չկասկածի: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը մեզնից պահանջում է:

-Կարծիքներ կան, որ երկու ընդդիմադիր դաշինքները տարակարծություններ ունեն: Իրականում ի՞նչ գործընթացների մեջ են երկու ուժերը:

-Գիտեք, քաղաքական գործընթացները, ընդ որում՝ այնպիսիք, որ լայն զանգվածներ պետք է ներգրավեն, ենթադրում են որոշակի տակտիկական գործողություններ: Դուք առաջիկայում կտեսնեք, թե մյուս ուժերը ինչ գործողություններ են իրականացնում, եւ կտեսնեք դրանց հանգրվանը: Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ապակենտրոն, ցանցային պայքար է լինելու: Մենք միասին աշխատում ենք, եւ Հայաստանում ես չեմ հիշում  խորհրդարանական ընդդիմություն, որ  այսպիսի սինխրոն գործողություններ իրականացրած լինի: Մենք մտածում եւ գործում ենք միասնական: Կա մարդ, որը մեզ բոլորիս խաբեց, այդ թվում՝ ինձ, եւ նա ուղղակի պետք է հեռանա: ՔՊ-ի նախընտրական ծրագրում հստակ գրված է, թե նրանք ինչպես են պատկերացնում Արցախի ապագան: Հիմա ի՞նչ է խոսում նա միջազգային հանրության մասին: Հիշեք, որ 2016 թվականից հետո Ալիեւը բողոքում էր, որ իրեն մտցրել են փակ դռների հետեւում եւ պարտադրում են, որ ճանաչի Արցախի անկախությունը: Հիմա ի՞նչ փոխվեց Նիկոլ Փաշինյանի գալով, որ մեզանից նշաձողի իջեցում են ուզում: Այստեղ երկու պատճառ կարող է լինել. կա՛մ հենց նա է մեղավոր, կա՛մ համանախագահ երկրներն են փոշմանել: Նշաձող իջեցնելը նշանակում է Արցախին դատապարտել մահապատժի: Հենց հիմա էլ Ադրբեջանը շարունակում է իրեն պահել լկտի, սանձարձակ: Ընդ որում՝ Արցախից հետո կգան Սյունիք, Գեղարքունիք եւ այլն: Ալիեւի հռետորիկան չի փոխվել, եւ նա անընդհատ ասում է՝ խաղաղություն, ու սպանում է ժողովրդին: Դա նշանակում է, որ խաղաղությունը կեղծ է, եւ նաեւ կեղծ է Փաշինյանի այն պնդումը, որ եթե խաղաղություն չլինի, պատերազմ է լինելու: Սա ուղղակի պատերազմի շանտաժ է: Աշխարհաքաղաքական բազմաթիվ հարցեր կան, եւ անգամ պատերազմներն իրականացվում են որոշակի դիվանագիտական քայլերից հետո:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾԸ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել պաշտոնյաների դրամական միջոցների, ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ներկայացրած 2018, 2019 եւ 2020 թվականների տարեկան հայտարարագրերը:

 

Օրինակ, նրա դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ, 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է միայն աշխատավարձի վերաբերյալ տվյալ, որը կազմել է 7 մլն 791 հազար դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի հողամաս՝ Սուրենավան գյուղում: Հողամասը Աղազարյանը ձեռք է բերել 1994 թվականին: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը ՀՀ առեւտրային բանկերից մեկից փոխառություն, վարկ է վերցրել՝ մոտ 7.5 մլն դրամի չափով: Իսկ կանխիկ դրամը կազմել է 4.5 մլն դրամ: ՀՀ ազգային ժողովից նա ամսական ստացել է 804 հազար դրամի չափով աշխատավարձ:  2020 թվականի տարեկան հայտարարագրում բնակարան եւ ավտոմեքենա ունենալու մասին տեղեկություն եւս չկա: Նա միայն հայտարարագրել է Արարատի մարզի՝ Սուրենավան գյուղում ունեցած հողամասը: 2020 թվականին բանկից վերցրած փոխառությունները, վարկերը պահպանվել են: Դրանք երկուսն են՝ 1 մլն 51 հազար դրամ, 4 մլն 656 հազար դրամ:  Կանխիկ դրամը 4 մլն դրամ է: Իսկ աշխատավարձը կազմել է ամսական 712 հազար դրամ:  Հովիկ Աղազարյանի կնոջ՝ Մարգարիտ Աղազարյանի հայտարարագիրը դատարկ է. նա ոչ ավտոմեքենա ունի, ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ կանխիկ դրամ:

Իսկ ահա որդին՝ Հովսեփ Աղազարյանը, 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ ունի 500 հազար դրամի չափով կանխիկ գումար: Իսկ ամսական աշխատավարձը նա ստացել է Երեւանի քաղաքապետարանից, որը կազմել է 190 հազար դրամ: Ի դեպ, վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կրտսեր Աղազարյանին առաջիկայում նշանակելու են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: Սակայն նա ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ դեռ առաջարկ չի ստացել: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ նա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր, բայց հիմա ազատվել է աշխատանքից:

Ս.Հ.

 

 

ՈՒՆԵՑՎԱԾՔԸ՝ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՏԱԿ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծությունը: Մեզ հայտնի դարձավ, որ դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերլուծության են ենթարկվելու նաեւ դատավորների՝ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաեւ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը: Նշենք, որ այս մասին որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման՝ արդարադատության նախարարության կողմից՝ առաջարկելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարել: Ըստ նախարարության՝ առաջարկվող ժամանակահատվածը բավարար է՝ դատավորների ֆինանսական դրությունը մանրամասն ուսումնասիրելու եւ խնդիրները վեր հանելու: Բացի այս, տեղեկացնենք, որ վերլուծման ենթակա են 2021 թվականի փետրվարի 17-ից հետո ներկայացրած դատավորների ծախսերի հայտարարագրերը: Ասել է թե՝ դատավորների դրամական միջոցներն ու ունեցվածքը, այդ թվում ծախսերը, անցնելու են մանրադիտակի տակով:

 

 

 

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։ Հավելենք, որ Փրայսին այս թեմայով հարցն ուղղվել է, ըստ երեւույթին, ադրբեջանական որեւէ լրատվամիջոցի կողմից, քանի որ այն պարունակում է ադրբեջանական քարոզչական թեզեր եւ ապատեղեկատվություն, որոնք վերջերս էլ ակտիվորեն շրջանառվում են Բաքվի մամուլում։

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակին հետեւյալ հարցն է ուղղվել, թե իբր՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան հեռացրել են իրենց համանախագահներին Մինսկի խմբից, եւ ե՞րբ է ԱՄՆ-ն նույնը անելու: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ն է լինելու Մինսկի խմբի ճակատագիրը։ Բացի այդ, ինչպե՞ս է Միացյալ Նահանգները նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել մի քանի շաբաթ առաջ խոսելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագան խթանելուն: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը ու օգտագործել գոյություն ունեցող մեխանիզմները ուղիղ ներգրավվածության՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր հարցերի համապարփակ լուծումներ եւ կարգավորելու հարաբերությունները՝ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով»,-ասել է Փրայսը։

 

 

 




Լրահոս