ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ՝ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն շարունակվում է: Նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի վարչապետի, Դաշնային խորհրդի եւ Պետդումայի խոսնակների հետ։

 

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններին: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարեւոր հայտարարություն։ Համաձայնության ենք եկել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների շուրջ»։

Պաշտոնական այցի հիմնական հանդիպումը երեկ էր, Հայաստանի վարչապետը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ավարտին ստորագրվել էր 30 կետանոց անսովոր ծավալուն հայտարարություն։ Փաշինյանի այցը, ինչպես ռուս դիտորդներն են նկատում, անցնում է դժվար ժամանակաշրջանում։  Արեւմտյան պատժամիջոցներից Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է Ռուսաստանի վարչապետը՝ նշելով, թե Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից անօրինական պատժամիջոցների պայմաններում կարեւոր է երկկողմ առեւտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առեւտրի նոր հնարավորություններ։ Հայկական կողմի համար իհարկե ավելի կարեւոր էին հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին։ Լեռնային Ղարաբաղ անվանումը հայտարարության տեքստում երկու անգամ նշված է։ Ադրբեջանի իշխանությունները հորդորում են, այդ թվում՝ ռուսական կողմին, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Տեքստում ոչինչ չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, սակայն ակնհայտ ակնարկ կա առ այն, որ Ռուսաստանը կարող է եւ պատրաստ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Ռուս փորձագետները նկատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող ռուսական կողմի հայտարարություններում առկա տարաձայնությունը։ Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Մինսկի խումբն այլեւս գոյություն չունի, քանի որ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը Ուկրաինայում պատերազմի պատճառով չեն ուզում շփվել ռուսական կողմի հետ, իսկ Պուտինի եւ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում նշված է, որ ե՛ւ Երեւանը, ե՛ւ Մոկսվան նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը։ «Կոմերսանտի» հեղինակները նկատում են, որ Մինսկի խմբի մասին կետը նույնպես ամբողջությամբ բխում է Երեւանի շահերից, քանի որ «Երեւանի համար շատ կարեւոր է միջազգային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղ եզրույթի պահպանումը, քանի որ Բաքուն պնդում է, թե նման տարածաշրջան չկա»։

«ՌԻԱ Նովոստի»-ի՝ «Հակառակ դեպքում՝ ազգային աղետ. ի՞նչ լուծումներ է փնտրում Փաշինյանը Մոսկվայում» ծավալուն հոդվածի հեղինակները նկատում են, որ Հայաստանի իշխանությունները հայտնվել են չափազանց բարդ իրավիճակում, երբ նրանց ներկայացրած «հրաժարվենք կարգավիճակից, որ ապահովենք անվտանգությունը» կարգախոսը չի ընդունվում հասարակության կողմից։ Հոդվածի հեղինակներն ակնարկում են, որ ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի վերահսկողության տակ մնացած հատվածում ռուս խաղաղապահների մնալը գուցե ժամանակավոր, բայց այսօր հնարավոր միակ լուծումն է։ Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, ռուս փորձագետները հարցի լուծումը չեն պատկերացնում, միայն նկատում են, թե Հայաստանում նույնպես չեն պատրեացնում, թե ինչ է լինելու հետո, եւ չկա ազգային կոնսենսուս, թե ինչ անել այս իրավիճակում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է

Ռուսաստանն արդեն կորցրել է վստահությունը ուկրաինացի բանակցողների նկատմամբ, ուստի իրավիճակը զարգանում է «տեղում»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հիմա արդեն «վստահի, բայց ստուգիր»-ը չէ, հիմա պարզապես՝ «ստուգիր», որովհետեւ վստահություն այդ մարդկանց նկատմամբ վաղուց չկա»,-ասել է Զախարովան: Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է եղել, որ ուկրաինական կողմը նման վարք է դրսեւորելու: «Իրեն Ուկրաինայի նախագահ կոչող եւ համապատասխան լիազորություններով օժտված մարդու գրասենյակի կողմից բանակցություններ վարելու խնդրանք է ներկայացվել, Ռուսաստանը չմերժեց այդ խնդրանքը: Հետո, ինչպես միշտ, սկսվեց կրկեսը՝ բառացիորեն եւ պատկերավոր, Կիեւի ռեժիմի կողմից. սկզբում գալիս են, հետո չեն գալիս, երբեմն մասնակցում են, երբեմն չեն մասնակցում: Պատրա՞ստ էին սրան Մոսկվայում, այո, իհարկե»,-ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաեւ հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

 

 

3 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «3 գլխավոր ուղղությունները, որոնք պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո՝

  1. Անվտանգային համակարգ. սա վերաբերում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
  2. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության եւ հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու եւ համահայկական շահերը պատշաճ ձեւով ներկայացնելու առաջնահերթություն։
  3. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։

Ցանկացած ճգնաժամի պարագայում համավարակից մինչեւ պատերազմական գործողություններ արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց եւ դրա արդյունավետությունից»։

 

 

ՊԵԿ-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: ՀՀ մինչեւ 6400 հատ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ հայտարարագիրը կգրանցվի եւ կտրամադրվի մաքսատուրքի արտոնություն։ Նշված քանակը սպառվելու պարագայում մաքսային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում մաքսատուրքի արտոնություն չի տրամադրվի, իսկ արտոնության կիրառմամբ հաշվարկված հայտարարագիրը, գրանցումը կամ բացթողումը կմերժվի։

 

 

 

ՄԻՊ-Ը՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ArmLur.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, անդրադառնալով լրագրողների՝ օրերս հնչեցրած ահազանգին, հայտնեց, որ հանդիպել է նախագծի հեղինակներից մեկի հետ, եւ կոնկրետ հարցեր են առաջ քաշել: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությամբ: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ պետական մարմինը կարող է իր որոշմամբ լրագրողին զրկել այդ կառույցի հավատարմագրից: Բանն այն է, որ այժմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով, սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Եվ այժմ պատգամավորներն առաջարկում են ամրագրել դրույթ, ըստ որի՝ նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Սա իշխանությունների կողմից հերթական քայլն է լրատվամիջոցների դեմ, եւ այդկերպ փորձ է արվում բարդություններ ստեղծել անցանկալի լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Գովազդը սահմանափակելու վերաբերյալ բազմաթիվ նախագծերից հետո իշխանական խմբակցության պատգամավորներն այժմ էլ անցել են ոչ ցանկալի լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն:

 

 

 

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է

Արդեն մեկ ամիս է, սակայն դատական համակարգում շարունակում են ահազանգել, որ ձեռքով մակագրման գործընթացը շարունակվում է, եւ, ըստ էության, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ձեռքով մակագրման գործընթացը շարունակվի: Իսկ ինչո՞ւ է դատական համակարգի ղեկավար կազմը ձգձգում համակարգչի միջոցով դատական գործերի մակագրման գործընթացը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԲԴԽ ղեկավար կազմում խոսակցություն է եղել, որ այսպես պետք չէ շարունակել, եւ պետք է շտապ խնդրին լուծում տալ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակագի ղեկավար կազմը ընթացքը ձգձգում է որոշ աղմկահարույց գործերի՝ ձեռքով մակագրման գործընթացն ապահովվելու նպատակով: Ասել է թե՝ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը ձեռքով կմակագրեն իրենց ցանկալի դատավորներին, որից հետո նոր համակարգչային մակագրման գործընթացը կվերականգնեն: Եվ, ահա, առաջին մեկնարկը տրված է, եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը ձեռքով մակագրեցին ցանկալի դատավորին՝ Մնացական Մարտիրոսյանին՝ Մացոյին: Տեսնենք՝ հաջորդ պաշտոնյան ով է:




Լրահոս