Թեեւ արդեն գարուն է, բայց շատերը դեռ չեն թարմացրել իրենց զգեստապահարանները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը պատմել է այս տարվա գարնանային նորաձեւության ամենաակտուալ թրենդների, գույների մասին:
Որո՞նք են 2022 թվականի գարնանային ամենաակտուալ թրենդները
2022 թվականին շատ ակտուալ են մի քանի տեսակի գործվածքների համատեղումը: Ջինսերի հետ համատեղվում են ամենանուրբից մինչեւ ամենաչոր մատերիալները: Այս տարի շատ նորաձեւ են քառակուսի պրինտերը, ինչպես գծերը այնպես էլ հատակ քառակուսիների տեսքով ներկայացվածները: Հատկապես շատ ակտուալ են բարձրամաները, որոնք ներկայացված են գրեթե բոլոր հանրահռչակ դիզայներական տների կողմից ներկայացված հավաքածուներում եւ երեկոյան եւ սպորտային հավաքածուներում:
Տարվա ամենաթրենդային գույները
Գույներից նորաձեւ են մանուշակագույնի երանգները՝ ամենաբացից մինչեւ ամենամուգ, երկնագույնի մի քանի երանգները, կանաչ միայն շատ գոլ երանգները, իսկ բազային գույներից՝ դարչնագույնը, սեւը, մոխրագույնը:
Տաբատներ եւ բլուզներ
Շատ նորաձեւ են լայն կիսատաբատները՝ սպորտային եւ բարձր գոտկատեղով, իսկ բլուզներից նորաձեւ են լայն թափվող եւ միեւնույն ժամանակ անկախ սեզոնից բլուզ-վադալազները:
Կոշիկներ, կիսակոշիկներ
Ինչ վերաբերում է կոշիկներին, կարծես հեղափոխություն է եղել այս ասպարեզում, եւ նորաձեւությունը չի ուզում վերադառնալ դասականին. նորաձեւ են կոպիտ, հաստ տակացուներով կոշիկները: Միգուցե երիտասարդության համար դրանք շատ հարմար են, բայց շատ տեղերում ու պայմաններում անհարմարություն են առաջացնում այն մարդկանց համար, որոնք մասնագիտությունից եւ նախընտրությունից ելնելով՝ չեն կարողանում գտնել հարմար կոշիկներ:
Սպորտայինի եւ դասականի համատեղումը
Կոշիկների նման հագուստն էլ վերջին շրջանում կանգնած է մի մեծ խնդրի առաջ. բոլոր հայտնի նորաձեւության տները դասականի եւ առօրյա ոճի քեժուալի փոխարեն ներկայացնում են սպորտային հագուստներն ըստ պահանջարկի, իսկ պահանջարկը սկսեց կորոնավիրուսի պատճառով, քանի որ մարդիկ տնից էին աշխատում, եւ կային սահմանափակումներ: Այժմ ավելի քիչ է պահանջարկը նաեւ դասական եւ երեկոյան հագուստի համար: Մի քանի առաջատար բրենդներ համատեղ ներկայացրին նոր հավաքածուներ, ընդ որում՝ տարբեր էին ուղղվածություններով՝ մեկը սպորտային էր, մյուսը՝ դասական կամ երեկոյան:
Աքսեսուարներ եւ պայուսակներ
Զարդերից շատ նորաձեւ են փոքր, քիչ աչքի ընկնող մոդելները: Շատ նորաձեւ են եղունգի մատանիները եւ, Քիմ Քարդաշյանի շնորհիվ, ատամի օղերը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԱԹՈՍԻ ՆԿԱՐՆԵՐԸ՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Կայացավ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս) ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը։ Այն նվիրված է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին:
Նկարիչը պատմեց, որ ունի մոտ 6000 նկար։ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղ են գտել իր նկարներից մոտավորապես 80-ը, որոնք նկարել է 90-ականներից սկսած։
«Ցուցասրահում կգտնեք գեղանկարներ, բնապատկերներ, դիմանկարներ, վերացական արվեստ։ Հաճելի է, երբ մարդիկ, նայելով նկարին, հասկանում են ձեռագիրս։ Եթե ազնիվ ես մոտենում գործիդ, դժվար թե այն չգնահատվի»,- ընդգծեց Թադեւոսյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վարպետի գործերին դեռ վաղուց է ծանոթ, ընդգծեց՝ ցուցահանդեսներն առհասարակ շատ կարեւոր են հայ ժամանակակիցներին ծանոթանալու եւ նրանց արվեստը տարածելու առումով։
«Մեր շուրջ կատարվող դժվար իրադարձությունների մեջ վարպետի նկարները նոր լույս ու հույս են տալիս։ Միշտ սիրով եմ հետեւում նրա արվեստին։ Ուրախ եմ, որ նկարիչների միությունը նման մեծ միջոցառում է կազմակերպել եւ հնարավորություն է ստեղծել արվեստասերներին ավելի խորը ուսումնասիրել նրա աշխատանքները»,- նշեց նա։
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշեց, որ կարեւորում է Հրանտ Թադեւոսյանի ներկայությունն ու դերը համալսարանում։ Առանձնացրեց, որ նկարիչը մեծ դեր ունի նաեւ ուսանողների համար։
«Նա ոչ միայն գույների, այլեւ դաստիարակության, ուսուցման, ընկերություն անելու եւ սովորեցնելու վարպետ է։ Շատ կարեւորում եմ նաեւ ցուցահանդեսի բացումը։ Այն ներկայացնում է մեր համալսարանի կերպարը եւ միաժամանակ վարպետի աշխատանքները»,- ասաց նա։
ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երեւանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում ապրիլին: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Երեւանում: 2022 թվականին մայիսի 21-31-ը Երեւանում կանցկացվի նաեւ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Արսենալից» կրած 2։4 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 25-րդ տուրից տեղափոխված խաղում։ «Առաջին խաղակեսում ամեն ինչ անկանխատեսելի էր։ Խաղի սկիզբը լավ էր դասավորվում, սակայն մենք դարձյալ մրցակցին թույլ տվեցինք առաջինը հասնել հաջողության։ Հաշիվը 2։2 էր, մենք երկու անգամ վերականգնեցինք հավասարությունը։ Այս մակարդակում այսքան սխալներն անթույլատրելի են։ Այսպիսի բան հնարավոր է միայն մեր թիմում։ Այսպես հնարավոր չէ հաղթել։ Մենք կարծում էինք, որ դասեր ենք քաղել «Բրենթֆորդի» եւ «Ռեալի» հետ հանդիպումներից, բայց պարզվեց՝ ոչինչ չի փոխվել»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։ Անգլիայի առաջնության 31 խաղից հետո «Չելսին» 62 միավորով երրորդն է։ Հաջորդ երկու տեղերում են «Տոտենհեմն» ու «Արսենալը»՝ 57-ական միավոր։