«Չվախենաք կարտոֆիլի գնից, կկարգավորվի». ինչ գներ են շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է կարտոֆիլի բարձր գինը: ArmLur.am-ը կարտոֆիլի գնի շուրջ զրուցեց Ագրոգյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ եւ հետաքրքրվեց դրա թանկացման պատճառների մասին. «Չվախենաք կարտոֆիլի գնից, կկարգավորվի: Ես ինքս եմ այսօր կիլոգրամը 500 դրամով ձեռք բերել: Այսօր մեկը լուսանկար էր հրապարակել այն մասին, թե կարտոֆիլի գինը 1490 դրամ է: Չկա նման բան: Մեկ ամիս առաջ էր թարմ կարտոֆիլը վաճառվում 1500 դրամով, այն էլ՝ ջերմոցի: Բայց հիմա բարձր գնի պատճառն այն է, որ կարտոֆիլի բերքի հասունանալն անձրեւների պատճառով 15 օրով հետ է ընկել»:

Մասնագետի խոսքով, մեկ շաբաթից կարտոֆիլի մեծածախ գինը 300-350 դրամ կդառնա, խանութներում, սուպերմարկետներում՝ 400-500 դրամ եւ այդպես կպահպանվի: Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր սուպերմարկետներում եւ բանջարեղենի առեւտրի կետերում թարմ կարտոֆիլի մեկ կիլոգրամը 600-700 դրամ է, իսկ հինը՝ 400-500 դրամ:

«Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը մեր կառավարության տգետ քաղաքականությունն է, որ գյուղատնտեսության նախարարություն չունենք, իսկ էկոնոմիկայի նախարարարությունն էլ անհասկանալի է, թե ինչ է անում գյուղատնտեսության համար»,- նկատեց Բերբերյանը:

Մեր զրուցակցի խոսքով, կարտոֆիլի թանկացման մյուս պատճառներից մեկն էլ պարարատանյութի բարձր գինն է, որը հունվար, փետրվար ամիսներին է թանկացել: «Մեր կառավարությունը դեռ դեկտեմբերին կարող էր 6000 դրամով պարարտանյութ ձեռք բերել եւ պահեստավորել, բայց չարեց: Իսկ հիմա թանկ գնով են ձեռք բերել, 9000 դրամը սուբսիդավորել, տպավորություն է, որ ներկրողին է աջակցում, այլ ոչ թե գյուղացուն: Սովորաբար աշնան ամիսներին պարարտանյութը էժանանում է, իսկ գարնանը, հակառակը՝ թանկանում: Նաեւ՝ թունաքիմիկատների գները միջինը 60 տոկոսով թանկացել են: Ավելին, թունաքիմիկատ կա, որը թանկացել է 200 տոկոսով: Եւ հետո, մի մոռացեք, 1 կգ հացի գինը 600 դրամ է, կարտոֆիլը չեղավ, հացի՞ չափ չեղավ, չէ որ կարտոֆիլը երկրորդ հացն է»,- նկատեց Հրաչ Բերբերյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս