ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում ասված է.
«Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։
Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ»: