Ինչ խնդիրներ են ծագել տուրիզմի ոլորտում սեպտեմբերի 13-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիա կատարեց Հայաստանի դեմ, տուրիզմի ոլորտում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը: Բացի այս, իր հերթին ոլորտի վրա ազդեցություն ունեցավ նաեւ Մոսկվա-Հայաստան ավիատոմսի գները, որոնց շեշտակի բարձրացան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մոբիլիզացիա հայտարարելուց հետո:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շտապեց թվեր հրապարակել՝ նշելով, որ սեպտեմբեր ամսին Հայաստան այցելել է 198 հազար 74 զբոսաշրջիկ, իսկ առաջին 9 ամիսներին այս թիվը կազմել է 1 մլն 240 հազար: Սակայն շատերը կասկածի տակ դրեցին Քերոբյանի հրապարակած թվերը՝ նկատելով, որ մոբիլիզացիայից հետո Հայաստան այցելածները ոչ թե զբոսաշրջիկ են, այլ պատերազմի չմեկնելու համար են եկել:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, նրանք օգտակար զբոսաշրջիկ չեն մեզ համար, որովհետեւ մարզեր չեն գնում, տարբեր վայրեր, այդ գումարները չի բաշխվում ամբողջ ինդուստրիայով մեկ:

«Այս մարդկանց նպատակը ոչ թե պլանավորված հանգիստն է, այլ՝ մոբիլիզացիայով պայմանավորված են եկել եւ նրանց՝ շրջագայելու հավանականությունը այդքան մոտ չէ: Բայց սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները համարվում են ակտիվ սեզոն զբոսաշրջության համար, եւ եթե վերջին իրադարձությունները չլինեին, ապա մենք կարող էինք ավելի շատ զբոսաշրջիկ ունենալ: Տոմսերի գները զգալի բարձրացան: Այդ գներով զբոսաշրջիկը չէր գալու, 5000 կամ 1000 դոլար չէին տա տոմս գնեին ու գային: Նրանք սովորական գներով տոմսերը գնելու էին եւ ավելի շատ էին ծախսելու, շատ էին շրջագայելու եւ նրանցից օգուտն ավելի մեծ էր լինելու»,- նկատեց Մեխակ Ապրեսյանը: Մասնագետի խոսքով, մեր երկրում կազմակերպված տուրիզմը դեռ կայուն չէ, քանի որ Եվրոպայից, Ամերիկայից, Ճապոնիայից, Չինաստանից չունենք այդքան այցելություններ:

Նշենք, որ մոտ 20-օր չաշխատելուց հետո Ջերմուկի հյուրանոցներն են բացվել: Ճիշտ է, արդեն մի քանի օր է, ինչ հյուրանոցները բաց են, բայց ամրագրումները քիչ են: Հյուրանոցներից ArmLur.am-ին փոխանցեցին, որ օտարերկրացի հյուրեր ունեն, բայց նրանց թիվըը փոքր է:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով, գործադիրը պետք է միջոցներ ձեռնարկի շատ արագ վերականգնելու այցելությունները:

«Պետք է միջոցներ ձեռնարկել նորից միջազգային շուկային համոզելու, որ Ջերմուկում, անվտանգ է, գրավիչ է գեղեցիկ է, հաճելի է: Պետք է աշխատանքներ տանել դիվանագիտական ուղիներով. այն երկրները, որոնք իրենց քաղաքացիներին հորդորել էին չգնալ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր, իրենց հայտարարությունները փոխեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայությունների սակագները բարձրացել են: Մասնագետի խոսքերով, այս իրավիճակով, համաշխարհային զարգացումններով, ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված գնաճ կա. «Գումարած սրան դոլարի ու եվրոյի արժեզրկումը դրամի նկատմամբ: Դա նշանակում է, որ ծառայությունները 30 տոկոսով աճել են գները»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս