ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԽԱՐՏԻԱՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր ելույթի ժամանակ չի մոռանում անդրադառնալ նախկիններին՝ նրանց մեղադրելով ամենատարբեր մեղքերի համար: Խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Ստամբուլյան խարտիան՝ ասելով, թե հենց այդ ժամանակ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանհն ու այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանձնել Արցախն Ադրբեջանին:

 

«Ռոբերտ Քոչարյանն էլ 98 թվին, իշխանությունը ստանձնելու նախապայման որպես, Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից՝ դրանով դնելով անկյունաքարը, եւ գնացել է, Ստամբուլյան խարտիան վավերացրել է, որտեղ ասվել է, որ …Ես էս ամբիոնից մեջբերել եմ կտորներ ամբողջական էդ փաստաթղթերից, որտեղ ասվում է, որ Եվրոպայում անվտանգության խարտիան վավերացնելով՝ նրանք ասել են, որ այդ թվում երկրներում ապրող ժողովուրդների իրավունքները եւ ազատությունները ոչ միայն չեն խաթարում, այլեւ, ընդհակառակը, ամրապնդում են տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը։ Էս իրենք են ստորագրել իրենց կոտրած ձեռքերով, թող չփորձեն մեզ վրա որեւէ բան բարդել», – ասել է Փաշինյանը:

Սակայն, ի հեճուկս դրա, Լեռնային Ղարաբաղին վերաբերող մասում որեւէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Ավելին՝ այս սկզբունքը վկայակոչված չէ բացառապես Ղարաբաղին վերաբերող հատվածում, հետխորհրդային տարածքում մյուս հակամարտությունների դեպքում դրանց հանգուցալուծման հիմքում դրված էին եւ՛ ինքնիշխանության, եւ՛ տարածքային ամբողջականության սկզբունքը։

Փաշինյանը դեռ  նախորդ տարվա հունիսի 5-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, անդրադարձել էր 1999-ին Քոչարյանի ստորագրած Ստամբուլյան փաստաթղթին եւ մասամբ մեջբերելով փաստաթղթի 19-րդ հոդվածը՝ պնդել, թե հռչակագիրը արձանագրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Ադրբեջանի կազմում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանն իրենց ելույթներում հղում են անում փաստաթղթի տարբեր հատվածների։ Այսպես, Փաշինյանը մեջբերել է յոթ գլխից բաղկացած Ստամբուլյան փաստաթղթի առաջին մասի՝ «Եվրոպական անվտանգության խարտիայի» 19-րդ կետը, այն էլ՝ դրա մի մասը՝ համատեքստից (կոնտեքստից) կտրված։

Արձանագրենք, որ հոդվածը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին եւ գոյություն ունեցող պետություններում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, իսկ Ղարաբաղյան խնդրի եւ հակամարտության մասին որեւէ առանձին խոսք չկա։ Փաստացի «դիվանագիտական լեզվից» Փաշինյանի կամայական թարգմանությունը համատեքստից կտրված է եւ մոլորեցնող։

Քոչարյանը, հերքելով Փաշինյանի եւ Սիմոնյանի մեղադրանքները, իր հերթին մեջբերել է փաստաթղթի մյուս մասի՝ «Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրի» կետերը։

Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում ավելի հստակ անդրադարձ կա հետխորհրդային տարածքում երկրների միջեւ տարածքային վեճերին եւ հակամարտություններին։ Դրանցով ԵԱՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (Սերբիա եւ Չեռնոգորիա) (4-րդ կետ), Բոսնիա եւ Հերցեգովինայի (6-րդ կետ), Վրաստանի (15-րդ կետ), Մոլդովայի (18-րդ կետ) եւ Ռուսաստանի Դաշնության (23-րդ կետ) տարածքներում կոնֆլիկտների մասին եւ մատնանշում դրանց հանգուցալուծուման գործընթացում ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի պնդումը, որ Ստամբուլյան փաստաթղթում՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը, ճիշտ է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

«Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների եւ նվաստացման։ Այժմ էլ նոր տեսանյութում ցուցադրվում են սառնասրտորեն իրականացվող մահապատիժներ։ Սրանք ռազմական հանցագործություններ են»,- իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։

«Բոլոր հայ ռազմագերիները պետք է ապահով տուն վերադարձվեն հենց հիմա»,- շեշտել է Շիֆը:

 

 

 

ԴՐԱԿԱՆ ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ

«Պրահայում եւս մեկ անգամ վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մեր առաջարկը:.. Ադրբեջանը դարձյալ դրական չարձագանքեց։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը եւ օրենսդրությունը»,-գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ ԵԽ ղեկավարների հանդիպումը, ինչից հետո հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ճանաչել երկու երկրների տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։

Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որի մի կետում ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Մյուս կետում ասվում է. «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Նկատենք՝ երեկ՝ մինչեւ այս հանդիպումը, իր առաջարկներ ներկայացնելու մասին հայտնել էր պաշտոնական Մոսկվան: Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման համար ՌԴ-ի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին եւ Ադրբեջանին: Սակայն ռուսական կողմի առաջարկների մասին մանրամասներ այդպես էլ չէր նշվել, եւ դատելով երեկվա հայտարարությունից՝ դրանք, բնականաբար չեն ընդունվել:

Իսկ ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնական Մոսկվան առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել կա՛մ ռուս, կա՛մ ՀԱՊԿ քաղաքացիական առաքելություն. այս առաջարկին, սակայն, Հայաստանը դեմ է եղել, Ադրբեջանը՝ ոչ այնքան:  Մյուս կետով էլ ՌԴ-ն  առաջարկել է չճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, սակայն  տեւական ժամանակով մոռանալ Արցախի որեւէ կարգավիճակի մասին:

Հավելենք, որ Պրահայից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, Հայաստանից ՌԴ է մեկնում նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

 

 

 

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԱԶԴԱԿՆԵՐ

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները երկու տարի անց կյանքի են կոչում իրենց նախկին հայտարարությունները։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով երեկվա քառակողմ հանդիպման մասին, որով կողմերը հայտարարել են, թե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչպես են ճանաչում։ Երեկվա ազդակները շատ անհանգստացնող են, եւ քաղաքական վեկտոր է ուղղվել դեպի Արեւմուտք, Եվրոպա, եւ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դեմքով շրջվի Ռուսաստանից։ Չկա, չենք տեսնում այն փաստաթուղթը, որով դա ճանաչվելու է: Որ իրենք բանավոր են ասում, թե Արցախին չի առնչվում, ուրեմն խաբեություն է։ Եթե առանձին կետ չլինի, ուրեմն Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», -նշեց նա։

 

 

 




Լրահոս