Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ:
«Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:
Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նույնպես անդրադարձել է խնդրին.
«Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:
Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:
Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.
- Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:
- Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:
- Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը:
Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:
Հայտարարությամբ են հանդերձ եկել նաև Արցախի ԱԺ խմբակցությունները.
«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին: