Արդեն երրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ եւ 120 հազար արցախցիներ մնացել են շրջափակման մեջ: Այս օրերին եւ հատկապես այսօր մեղադրական հայտարարություններ են հնչում ռուսական կողմի ուղղությամբ, քանի որ ռուս խաղաղապահներն են տեղակայված Լաչինչ միջանցքում:
Այսօր նման հայտարարություններ հնչեցին նաեւ խորհրդարանում: Ավելին, միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ այսօր նաեւ ընդունվեց հայտարարության տեքստ, որում նաեւ ասվում էր. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»:
Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ:
–Պարո՛ն Թարվերդյան, արդեն երրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ է, իրավիճակը կարող է հանգեցնել հումանիտար աղետի: Ինչպե՞ս պետք է կարգավորվի հարցը:
– Հարցի լուծումը կարծում եմ պետք է լինի միայն բանակցությունների միջոցով, ընդ որում բանակցությունների մաս կազմեն թե՛ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ եռակողմ համաձայնության համապատասխան կետով է սահմանված Լաչինի միջանցքի կանոնակարգման հետ կապված բոլոր հարցերը: Այդ «բնապահպանների» անվան տակ հերթական ագրեսիան պետք է կանոնակարգվի եւ որքան հնարավոր է շուտ:
–Ձեզ համար սպասելի՞ էր այս իրավիճակը, ի՞նչը հանգեցրեց դրան:
-Պետք է սպասել ադրբեջանական կողմից ցանկացած սադրանքի: Մենք 44-օրյա պատերազմի հրադադարից հետո կարծում էինք, որ երկարաժամկետ խաղաղություն է լինելու, ինչ-որ պայմանագրեր էինք քննարկում, սակայն բազմիցս հայտնել ենք, որ պատերազմի մեջ ենք գտնվում եւ չպետք է հավատալ ագրեսորին: Եվ սեպտեմբերյան դեպքերը դրա առաջին ապացույցն էին: Դեռ անցած տարի մայիս ամսվա նրանց մուտքը մեր ինքնիշխան տարածք եւ նրանց գործողությունները տանում էին նրան, որ պետք է հասկանայինք, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմական գործողությունների:
-Այս օրերին տեսակետ է շրջանառվում, թե այս ամենը ռուսական կողմի դեմ է ուղղված, այսօր էլ նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորն էին բարձրաձայնում ռուս խաղաղապահների աշխատանքի մասին հարցեր: Համակարծի՞ք եք:
-Մենք պետք է չուրախանանք կամ չտխրենք, որ Ադրբեջանն ազդում է ռուսական խաղաղապահների իմիջի վրա: Մենք պետք է լինենք հայամետ եւ մտածենք մեր խնդիրների լուծման մասին: Պատկերացնենք մի պահ. որ ռուս խաղաղապահները չլինեին, այդ նույն պատգամավորները պատկերացնո՞ւմ են՝ ինչ կլիներ: Թող այդ ամպագոռգոռ հայտարարություններ անող պատգամավորները մի պահ պատկերացնեն՝ ինչ կլիներ, եթե չլինեին ռուս խաղաղապահները եւ լինեին միայն արեւմտյան հորդորիչ անատամ հայտարարությունները: Թող այդ պահը պատկերացնեն:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը