Չինաստանից Ռուսաստան ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ներմուծումը 2022 թվականի 11 ամսում աճել է 1,5 անգամ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«11 ամսվա ընթացքում ներկրվել է 106 հազար չինական ավտոմեքենա, ինչը գրեթե 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Բացի մարդատար ավտոմեքենաներից՝ ներմուծվել է հատուկ տեխնիկա՝ 142 հազար տարատեսակ հատուկ ավտոմեքենաներ, ինչը նույնպես գրեթե 50 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի», – ասել Է նա:
Բուլավինը նշել է, որ Չինաստանի հետ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը տարվա սկզբից մինչև դեկտեմբեր աճել է 26%-ով՝ հասնելով 159 մլրդ դոլարի։ Տարեսկզբից Ռուսաստան ներկրված բոլոր օգտագործված մեքենաների շուրջ 60%-ը ներկրվել է Ճապոնիայից, նշել է նա։ Ճապոնիայի հետ ապրանքաշրջանառությունը, ըստ ԴՄԾ-ի ղեկավարի, նվազել է 36%-ով։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը գարնանը կասեցրել է ներմուծման և արտահանման վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Բուլավինը հայտարարել է, որ դա ժամանակավոր միջոց է, որը թույլ կտա խուսափել «ոչ ճիշտ գնահատականներից, շահարկումներից ու տարընթերցումներից»:
«Паспорт промышленный консалтинг» բաժնետիրական ընկերության տվյալներով՝ 2022 թվականի 11 ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Ռուսաստան են ներմուծել գրեթե 162 հազար նոր մարդատար ավտոմեքենա և ավելի քան 221 հազար օգտագործված ավտոմեքենա։
Վերջիններիս ներմուծումը տարեսկզբից աճել է ավելի քան 80%-ով։ Ռուսաստանի Դաշնություն ներմուծված նոր մեքենաների ընդհանուր թվի 60%-ը չինական է։ Իսկ օգտագործված մեքենաների շուրջ 60%-ը, ինչպես վերը նշել էինք, ճապոնական է։