Դեկտեմբերի 12-ից առ այս պահը մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական ակցիայի անվան տակ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Ճանապարհը փակ է նաեւ շտապօգնության մեքենաների համար։
Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է նաեւ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Նա անդրադարձավ այն քննադատություններին, որ առկա է ռուս խաղաղապահների առնչությամբ: «Ռուս խաղաղապահների կարգավիճակը հստակեցված չէ, եւ այդ պատճառով առաջանում են մի շարք խնդիրներ։ Սակայն ես կարծում եմ, որ ամեն դեպքում բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ոչ թե շանտաժի ու ճնշման միջոցով»,-նկատեց նա։
Ըստ Տարասովի՝ կողմերից մեկը ակնհայտորեն գնում է սրացման և հիմա, ըստ նրա, պետք է հասկանալ, ով է դրանով ավելի հետաքրքրված, ով է ուզում Հարավային Կովկասում լարվածության հերթական օջախ ստեղծել։ Նրա խոսքով, ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ բանակցեին եւ առանց միջնորդների ու կարողանային համաձայնության գալ, սակայն նման հնարավորություն այս պահին չի տեսնում:
«Պետք է իրավական առումով ճիշտ աշխատել, հասկանալ՝ ինչ է կարելի ռուս խաղաղապահներին, ինչը՝ ոչ: Ռուսական կողմը Հայաստանին եւ Ադրբեջանին ոչ մեկ անգամ է առաջարկել, որ պետք է բարձրացնել ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը, սակայն անարդյունք եւ նաեւ դա է պատճառը, որ իրենք չգիտեն, թե որ սահմանների հետ պետք է հաշվի նստեն: Ռուսաստանը պետք է ունենա համապատասխան իրավասություններ, որոնք այս պահին չունի: Մենք հայտնվում են էպիկենտրոնում, մեզ քննադատում են Բաքվում, Երևանում, իսկ իրավիճակը բարդ է», – հավելեց նա:
Ստանիսլավ Տարասովի խոսքով, Բաքուն Լաչինի միջանցքը փակելով ցանկանում է նաեւ ուժային ազդեցություն ունենալ Երեւանի նկատմամբ: Բանն այն է, որ խաղաղության պայմանագիր է պետք ստորագրել, եւ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը դա պարտավորվի անել իր պայմաններով:
Ն.Հ.