Մարդասիրական օգնություն Հայաստանին. որ երկրներն են առաջատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 85 մլն 914 հազար 800 դոլարի օգնություն: Իսկ 2021 թվականին Հայաստան ստացվել է 35 մլն 687 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Հայտնի է, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ:

Գերմանիայից, օրինակ, Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները նվազել են. նախորդ տարվա 11 ամիսներին ստացել է 2 մլն 520 հազար դոլարի չափով օգնություն: Մինչդեռ 2021 թվականին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 3 մլն 195 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ահա մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 2 մլն 19 հազար 300 դոլարի չափով: Ֆրանսիայից 2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան եկել էր 1 մլն 566 հազար 600 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանը Շվեցարիայից 4 մլն 222 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 287 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Ռուսաստանից: Ուկրաինայից անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստան ստացվել է 28 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ահա Ռուսաստանից Հայաստան եկել է 259 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից եկող մարդասիրական օգնության ծավալը ավելացել է: Բացի այս, պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Հնդկաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել:

Օրինակ 2021 թվականին Հնդկաստանից ՀՀ մտել է 1 մլն 975 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 7 մլն 329 հազար 800 դոլար:

Փոխարենը Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են պակասել. 2021 թվականի հունվար-նոյեմբերին Չինաստանից որպես մարդասիրական օգնություն ՀՀ ստացվել է 5 մլն 749 հազար 500 դոլարի մարդասիրական օգնություն, իսկ 2022 նույն ժամանակահատվածում՝ 3 մլն 568 հազար 500 դոլար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս