15 զինծառայողի մահվան պատճառ դարձած զորամասի հրդեհի հանգամանքների վերաբերյալ հայտարարությունները մի շարք հակասություններ ու հարցեր են առաջ բերել։ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը միջադեպից ժամեր անց՝ կառավարության նիստին, շտապեցին կանխավարկածներ առաջ քաշել և մեղքը գցել զինվորների վրա՝ թե իբր նրանք չեն պահպանել անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչու՞ իշխանության ներկայացուցիչներն այսքան շտապեց և դեռևս դեպքի քննությունը չավարտված՝ տարբեր կանխավարկածներ առաջ քաշեցին, արդյո՞ք սա ուղղորդում չէր իրավապահներին.
-Մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ճանաչում է որպես սուտասանի, բնականաբար, նրանց կողմից հնչող վարկածները կամ հայտարարությունները չեն կարող վստահելի աղբյուր լինել; Իշխանությունը խնդիր ունի իր վրայից պատասխանատվությունը գցելու, իսկ այդ ճանապարհին իրենք պատրաստ են զոհաբերել բոլորին, նույնիսկ իրենց ամենամոտ թիմակիցներին, միայն թե հասարակությունը իրենց չդիտարկի որպես պատասխանատու: Սրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը մեղավորներ նշանակելու և թիրախավորելու հարցում:
-Համացանցում տարածվեց նաև այն շինության լուսանկարը, որտեղ զինծառայողները գիշերել են: Արդյո՞ք այդ շինությունը համապատասխանում էր անվտանգային ինչ-որ չափանիշների.
-Այդ շինությունն այնպիսի կարգավիճակ է ունեցել, որ նույնիսկ պաշտոնատար անձինք են խուսափում պաշտոնական ձևակերպում տալուց՝ մի մասը զորամաս է անվանում, մի մասը զորանոց, մեկը կացարան: Իրականության մեջ իշխանությունն ռազմական կառուցվածքնրը համապատասխան կարգավիճակի չի բերում, սրանով պայմանավորվածէլ նման իրավիճակ ունենք:
-Պարո՛ն Աբրահամյան, ի վերջո, ու՞մ անփութության հետևանքն էր այդ ողբերգական դեպքը, ովքե՞ր են պատասխանատուները.
-Չբացառելով, իհարկե, տարբեր օղակների ու զինծառայողների պատասխանատվությունը, ակնհայտ է, որ այսպիսի իրավիճակն ունի կոնկրետ պատճառահետևանքային կապ, այսօրվա ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ունեցած հանցավոր անտարբերությունից և ոլորտի նկատմամբ անուշադրությունից, որն իրականում ական է բոլոր իրավիճակներում, ինչն էլ անխուսափելի է դարձնում նման ողբերգական իրավիճակները:
Քրիստինա Մուշեղյան