2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է արդյոք, թե ոչ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանի սահմանների մեջ չի մտնում։ «Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում: Ո՛չ, չի մտնում Հայաստանի հետ սահմանների մեջ, որովհետեւ ինչպես եւ չի մտնում 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»։ Այստեղ խոսքը գնում է նախորդ տարվանից փակված Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածի մասին: Այն Ադրբեջանին է զիջվել ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ հայկական զինուժը հետ քաշվեց հրադադարի պահին իր զբաղեցրած դիրքերից։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, սակայն, արտաքին սահմաններ չի որոշում: Այստեղ պատգամավորի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» ներպետական օրենքով չեն կարող որոշվել երկրի արտաքին սահմանները։ Ստացվում է՝ պատգամավորի պնդումը, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ որեւէ տարածք հանձնված էր Ադրբեջանին, կեղծիք է:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Մեզ հայտնի դարձավ, որ թեեւ Շիրակի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»: Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաեւ «նախկինների» հետ ունի: Մեզ տեղեկացրին, որ, օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները: Բանն այն է, որ Մանուկյանը Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաեւ Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգեւատրվել: Շիրակյան մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն է, որը երես է թեքել ՀՀԿ-ից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել: Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն` Էդուարդ Նադարյանին բազմաթիվ դանակի հարվածներ հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Ստարայա Մելնիցա» ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Տիգրան Վարդանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանը հաստատեց, որ իր որդուն իրավապահները կանչել են, սակայն նշեց. «Իմ որդին այդ պահին այնտեղ չի էլ եղել»: Նշենք, որ նախաքննական մարմինը դատարան է դիմել Տիգրան Վարդանյանին կալանավորելու հարցով, սակայն դատարանը չի բավարարել քննիչի միջնորդությունը: Հավելենք, որ այս պահին գործով անցնում է 5 անձ, որոնք ազատության մեջ են: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը, որը եւս այսօր ազատության մեջ է: Սա այն դեպքն էր, երբ Երեւանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը՝ մարմնի վրա արված 10-ից ավելի հարվածի հետքերով: