ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է․

1. Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։

2. Միջազգային գործընկերների և Արցախի իշխանությունների հետ համագործակցություն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ։

3. Նախագահի կողմից 907-րդ բանաձևի պահանջների անհապաղ կատարման ապահովում և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցության դադարեցում։

4. Նախագահի կողմից Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառում։

5. Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակության ապահովում, ներառյալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գրասենյակի բացում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանձնախմբի և վերջինիս դաշնակից համայնքային այլ կազմակերպությունների անունից ողջունել է բանաձևի նախագծի ներկայացումը և նկատել, որ դրա անցկացման շուրջ երկկուսակցական կոնսենսուս ապահեվելու ուղղությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականանցել, որպեսզի խափանվի Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը։

ԱՄՆ կենգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձևի նախագծի առաջխաղացումը՝ ավելացնելով․ «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու և նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաև պնդել է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային լայն համախմբամբ, շարունակում է աշխատանքներն՝ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը նպաստելու և առհասարակ իր քաղաքական առաջնահերթությունները կենսագործելու ուղղությամբ, որոնցից մի քանիսը ներկայացված են հիշյալ բանաձևի նախագծում։




Լրահոս