ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԴՐԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում։ Այս մասին Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության մեկ այլ կարեւոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձեւավորումը։ Այս համատեքստում կնշեմ մեր շահագրգռվածությունը գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում եւ եւս մեկ անգամ հաստատում եմ դրանց լուծմանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը մեծապես կարեւորեց պարենային անվտանգության տեղական եւ միութենական համակարգերի զարգացումը։

«Կարծում ենք, որ ապագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը եւ ակտիվացնել փոխադարձ առեւտուրը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական է համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն եւ բազմավեկտոր մոտեցումները։

«Մասնավորապես, կանոնները հնարավորություն կտան ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով (մեր դեպքում Վրաստանի միջոցով)՝ դրանով իսկ ստեղծելով տեխնիկական եւ իրավական նախադրյալներ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկման նպատակով նաեւ անհրաժեշտ է համարում սինքրոնացնել ԵԱՏՄ երկրների գործողություններն այս ուղղությամբ, ինչը թույլ կտա  ձեւավորել հուսալի «թվային կմախք» ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար։

«Թվային տնտեսության զարգացումը եւ թվային տեխնոլոգիաների ներդրումն օբյեկտիվ անհրաժեշտություն է միասնական թվային տարածքի ձեւավորման համար։ Այս համատեքստում կնշեմ միջպետական տեղեկատվության փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման եւ զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը»,- եզրափակեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաեւ Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: Նա առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ղազախական կողմին համաժողովի կազմակերպման համար, որը դարձել է թվայնացման խնդիրների եւ թվային զարգացման հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ։

Նրա խոսքով՝ Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ՝ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը։

«Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ եւ հարմարադեպ միջոցներ»,- նշեց նա։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին եւ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը: Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի: Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին, եւ նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:

 

 

 

ՄԻԱՑԵԼ Է ՑՈՒՅՑԻՆ

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի առաջ, ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: «Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական եւ անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիեւին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», – գրել է Փալոնը։ Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրոշով եւ Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու եւ այլ կոչեր պարունակող պաստառներով:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀՀ-ՈՒՄ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին:

 

 

 

ՀԱՅՑԵՐԸ ԿՄԵՐԺՎԵՆ

«Ես կարծում եմ, որ Հաագայի դատարան ներկայացրած Հայաստանի ու Ադրբեջանի հակընդդեմ հայցերը կմերժվեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Զրուցակցի կարծիքով՝ «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» հայցը կմերժվի անհիմն լինելու պատճառով, իսկ Հայաստանի հայցը, ըստ Ալավերդյանի, հնարավոր է՝ մերժվի, քանի որ գործը քննող դատավորներն իրենց նախնական ելույթներում ձեւակերպումներ են արել, որոնք, ընդհանուր առմամբ, արդարացնում էին Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ բնապահպաններին. «Դատավորները մինչեւ անգամ ասում էին՝ եթե փորձեն նրանց ցույցը ցրել, ապա դա կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Դրա համար էլ ես մտահոգ եմ՝ ինչպիսին կլինեն դատարանի նախնական եզրակացությունները: Ես չեմ կարծում, որ վճիռը կլինի՝ հօգուտ մեզ, կամ այդ վճռից հետո Ադրբեջանը կդադարեցնի Լաչինի շրջափակումը, հատկապես որ դատարանի որոշումները կրում են զուտ խորհրդակցական բնույթ»,- ասում է Ալավերդյանը:

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հակընդդեմ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել եւ պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որը 50 օրից ավելի է՝ փակ է:

 

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ

Հայաստանի գազալցակայանների եւ բենզալցակայանների սեփականատերերը կարող են տուգանվել, եթե զուգարանով չապահովեն քաղաքացիներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ, փոփոխություններ են կատարվելու: Օրինակ՝ առեւտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 50.000-70.000 դրամի չափով:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսեց պարտադրել գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել: Այսօր եթե շրջայց կատարեք ՀՀ մարզերով, ապա կպարզեք, որ գազալցակայաններ կան, որոնց զուգարանները գտնվում են խիստ անմխիթար եւ հակահիգիենիկ վիճակում, որոնցից օգտվելն ուղղակի հակացուցված է: Բացի այս, նկատենք նաեւ, որ Հայաստանի միջպետական ճանապարհներին եւս հասարակական զուգարաններ չկան:




Լրահոս