ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ՝ քննարկելու թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման եւ զարգացման հնարավորությունները:
Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման եւ առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական եւ հանրահռչակման գործառույթները: Ծառայությունների զգալի մասը նախատեսվում է մրցութային ընթացակարգով արտապատվիրակել մասնավոր ընկերություններին:
Ներկայացնելով թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նոր ինստիտուցիոնալ միավորի ստեղծման հայեցակարգային եւ ծրագրային առանձնահատկությունները՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարեւորել է թանգարանների տնօրենների ներգրավվածությունը եւ գործընթացի արդյունավետ կազմակերպման շրջանակում վերջիններիս կողմից առաջարկների եւ դիտարկումների ներկայացումը:
Նշվել է, որ կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա իրականացնելու թանգարանների կառավարչատնտեսական համակարգված կառավարում մեկ կենտրոնից, վարել ֆինանսական եւ անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ նպաստելով տնօրենների եւ մասնագիտական ներուժի գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը եւ թանգարանների գիտակրթական գործունեության զարգացմանը։
Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը ներառվել է ՀՀ մշակույթի պահպանության եւ զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծում:
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում են շարունակական քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:
«ՆՎԵՐ՝ ՍԻՐԵԼԻ ԿՆՈՋԸ»
Գարնան տոների առթիվ մարտի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ռուսական պոեզիայի վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի մոնոներկայացումը։ «Նվեր՝ սիրելի կնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի երաժշտությամբ։
Երեկոյին կհնչեն ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։
Վլադիմիր Գլազունովի եւ Սերգեյ Սիրոտինի համագործակցությունը սկսվել է 2019 թվականին: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, նրանք ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում եւ Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։ Սերգեյ Սիրոտինը հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։ Վլադիմիր Գլազունովը հանրության լայն շրջանակին հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի հաղորդավար: Հաղորդումը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների եւ երաժիշտների հետ։ Արդեն մի քանի տարի է՝ արտիստը հանդես է գալիս որպես ժամանակակից պոեզիայի ընթերցող։ Ժամանակակից բանաստեղծների արվեստը խթանելու համար Վլադիմիր Գլազունովին շնորհվել է «Ստեղծելով աշխարհը» համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակ՝ «Գրականության ոլորտում ունեցած ավանդի համար» անվանակարգում։
ԱՄՆ-Ն ԴԵՄ Է
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանից եւ Բելառուսից մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցելու դեպքում չպետք է հանդես գան իրենց երկրների դրոշների ներքո: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Այն դեպքերում, երբ սպորտային կազմակերպությունները եւ միջոցառումների կազմակերպիչները, ինչպիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Է, որոշեն թույլ տալ Ռուսաստանից եւ Բելառուսից մարզիկներին մասնակցելու միջոցառումներին, պետք է միանգամայն պարզ լինի, որ նրանք չեն ներկայացնում կոնկրետ Ռուսաստանը կամ Բելառուսը», – հայտարարել Է Ժան Պիեռը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք այս երկրներից մարզիկները կարող են մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին։
Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ Ռուսաստանի կամ Բելառուսի դրոշների, խորհրդանշանների կամ օրհներգերի օգտագործումը նույնպես պետք է արգելվի նման մրցույթներում։ Ժան Պիեռը նշել է, որ ԱՄՆ-ն ժամանակին աջակցել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզական ղեկավար մարմինների հեռացմանը միջազգային սպորտային ֆեդերացիաներից։ Փետրվարի 2-ին ՄՕԿ-ում հայտարարել էին, որ առայժմ չի քննարկվում ռուսաստանցի կամ բելառուս մարզիկների մասնակցության թույլտվությունը 2024 թ.-ին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:
Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ռուսաստանցիներին ու բելառուսներին օլիմպիական խաղերին մասնակցել կարող են թույլատրել չեզոք կարգավիճակով (առանց ազգային դրոշի, օրհներգի կամ դրանց գույների որեւէ զուգորդման) եւ հակադոպինգային կանոնների լիարժեք պահպանմամբ։ Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով ՄՕԿ-ը 2022 թ. փետրվարին միջազգային ֆեդերացիաներին հանձնարարել Էր հեռացնել ռուսաստանցիներին եւ բելառուսներին։ Ֆեդերացիաների մեծամասնությունը հետեւել է ՄՕԿ-ի հանձնարարականներին։
ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆԵԼ ԲԱՃԿՈՆԸ
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը աճուրդի է հանում իր բաճկոնը, որի վրա գրված է «Դադարեցրե՛ք շրջափակումը» (STOP THE BLOCKADE):
«Ես իմ #STOPTHEBLOCKADE բաճկոնը նվիրաբերում եմ ՀԲԸՄ-ի՝ շաբաթ օրվա դրամահավաքին եւ աճուրդին: Բաճկոնի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸՄ Արաբկիրի մանկական կենտրոնին», – գրել է երգչուհին:
Ռոզա Լինը iHeart Radio ALTer Ego համերգին ելույթ էր ունեցել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով եւ Հայաստանի դրոշով: