Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի (Գրիգորի Խաչատուրովի) նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Խաչատուրովը ձերբակալվել է։
Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովն այն միակ գեներալն էր, ով Օնիկ Գասպարյանի հետ հրապարակային պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից:
Փետրվարի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում էր՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Դատախազը պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու երեք միջնորդություն ներկայացրեց։
Ըստ Վարդապետյանի՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք Պաշտպանության նախարարության գործող երկու հատուկ նշանակության հողամասեր զորանոցով, կից այլ շինություններով վաճառվել են կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Գլխավոր դատախազն ասաց, որ վաճառված հողատարածքներն Արարատի մարզի Արմաշ համայնքում են, շինություններից մեկը փաստացի վաճառվել է զորամասերից մեկի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին չորս միլիոն դրամով, իսկ նա բանկում գրավադրել է 18 միլիոնով։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովի մյուս որդին՝ Իգոր Խաչատուրովը նույնպես իրավապահների տեսադաշտում է:
ՀՀ քննչական կոմիտեն կալանավորել էր Յուրի Խաչատուրովի որդուն, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց: