ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող բանակցությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետն անդրադարձել է այն առաջընթացին, որ, ըստ Վաշինգտոնի, կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում:

«Սա (խմբ.՝ առաջընթացը) եղել է կողմերի միջև շփումների արդյունքում: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների արդյունքում, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում», – ասել է Նեդ Փրայսը:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջև՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները:

«Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կտանի դեպի համապարփակ լուծում», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:




Լրահոս