Մեթադոնի լուծույթներ վաճառած 62-ամյա մրգաշատցին կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի մի բնակիչ մեթադոն է վաճառում։ Իրավապահները նախ հայտնաբերել ու ձերբակալել են երեք անձի։ Նրանց մոտ «մեթադոնային լուծույթ» գրառմամբ թափանցիկ հեղուկով տարաներ են եղել։

Պարզվել է, որ երեքն էլ թմրամիջոցը ձեռք էին բերել 62-ամյա մրգաշատցուց։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ հայտնաբերվել է նաև շուրջ 4 գրամ մարիխուանա։

Կարճ ժամանակ անց Սարդարապատ գյուղում ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մեծամորի բաժին են տեղափոխել 62-ամյա մրգաշատցուն և երկու տղամարդու՝ երկուսն էլ 52 տարեկան։ Նրանց մոտ ևս «մեթադոնային լուծույթ» գրառմամբ սպիտակ հեղուկով տարաներ են եղել։

Քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկել են 62-ամյա մրգաշատցու մեքենան՝ հայտնաբերելով մեթադոնի լուծույթով սրվակ, իսկ տան խուզարկությամբ՝ տարբեր հրազեններ ու տրամաչափի փամփուշտներ։

62-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս