Լուսանկարն արվել է Երեւանում
«Աստղիկ» բկ-ում բնական ճանապարհով ծնվել է 5 կգ 160 գ քաշով տղա երեխա:
Մանկաբարձ-գինեկոլոգն է Աննա Սահակյանը,
իսկ մանկաբույժը՝ Լաուրա Ավետիսյանը: Փոքրիկը եւ մայրիկն իրենց լավ են զգում եւ շուտով պատրաստ կլինեն դուրսգրման:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հարեւանս ապօրինի շինարարություն է անում եւ փակում իմ տան լուսավորությունը: Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Գայանե Աղաբեկյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ, որի շրջանակներում էլ ստուգվում են շինարարության ժամանակ անհրաժեշտ շինարարական նորմերը: Եթե անձը շինարարության համար թույլտվություն չի ստացել, կամ թույլտվությունը տրվել է շինարարական նորմերի խախտմամբ, ապա տվյալ շինարարությունը կարող է համարվել ապօրինի:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդ որում՝ հարկ է նշել, որ քաղաքացիների կողմից ապօրինի շինարարություն իրականացնելու դեպքում այդ մասին պետք է ահազանգել ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, քանի որ օրենքով սահմանված են ապօրինի շինարարության իրականացման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ։
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ցանկանում եմ հանցագործության կատարման մասին հաղորդում ներկայացնել. ո՞ւմ դիմել եւ ինչպե՞ս:
Վահե Մկրտչյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր: Բանավոր կարգով հանցագործության մասին հաղորդում տալու համար անհրաժեշտ է ահազանգել ոստիկանություն հետեւյալ հեռախոսահամարով՝ 1-02, կամ անձամբ ներկայանալ ոստիկանության տարածքային բաժանմունք եւ հերթապահող հետաքննիչին բանավոր ներկայացնել կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին տվյալները։ Զանգի դեպքում, Ձեր հայտնած տեղեկությունների հիման վրա, ոստիկանությունում գրանցվում է ահազանգ՝ դեպքի մասին, որից հետո հերթապահող ոստիկանության աշխատակիցները անհապաղ կներկայանան դեպքի վայր՝ տեղում պարզելու մանրամասները, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին Ձեզանից հաղորդում ընդունելու նպատակով։
ՀՀ Ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանցագործության մասին հաղորդում հնարավոր է ներկայացնել նաեւ գրավոր կերպով։ Անհրաժեշտ է նախապես ձեռագիր կամ տպագիր տարբերակով մանրամասն նկարագրել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունը, նշել այն կատարած անձանց վերաբերյալ Ձեզ հայտնի մանրամասներ եւ տվյալներ, իսկ այդպիսիք առկա չլինելու դեպքում՝ նկարագրել հանցագործություն կատարած անձին, հանցագործության կատարման հանգամանքները, մանրամասներ, թե ինչպես եւ որտեղ եք ականատես եղել հանցագործության կատարմանը։ Գրավոր հաղորդման մեջ պետք է նշեք Ձեր անուն-ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն եւ հեռախոսահամարը եւ այն ստորագրելուց հետո ուղարկել ոստիկանության այն տարածքային բաժին, որի տարածքում կատարվել է հանցագործությունը: