Իսպանիայում անտառային խոշոր հրդեհի պատճառով Վալենսիայի Կաստելյոնի շրջանի ութ քաղաքներից տարհանվել է 600 մարդ, այդ թվում՝ տարեցների տանը ապրողներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Վալենսիայի նահանգի նախագահ Խոակին Պուիգը լրագրողներին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է մարտի 23-ին չոր եղանակի պատճառով և արդեն կլանել է շուրջ 1000 հեկտար տարածք։ Կրակի դեմ պայքարում են ավելի քան 600 հրշեջներ և զինվորականներ՝ օգտագործելով չորս ուղղաթիռ։ Պուիգի խոսքով՝ նահանգում անտառային հրդեհների սեզոնն սկսվել Է շատ վաղ:
Նա բացատրում է դա կլիմայի փոփոխությամբ և այն կարծիքն Է հայտնում, որ անտառային հրդեհները երկրում կարող են ամենամյա երևույթ դառնալ։
Իսպանական AEMET օդերևութաբանական ծառայությունը նշում է, որ «անբարենպաստ եղանակային պայմանները, հատկապես հաշվի առնելով տարվա վաղ շրջանը, նպաստել են կրակի արագ տարածմանը»:
Հրդեհի բռնկման ժամանակ օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է շուրջ 25 աստիճան, իսկ հարաբերական խոնավությունն իջել է մինչև 30%-ից ցածր մակարդակ: