Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերը: Նա պատասխանում էր ԼՂ հակամարտութան վերաբերյալ հարցին՝ անկախության տարիների ընթացքում: Փաշինյանը նշեց. «Այստեղ մենք ունենք երկու մաս. մինչեւ «Մադրիդյան սկզբունքներ» եւ «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետո։ Մինչեւ «Մադրիդյան սկզբունքները» հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը ու ինչպես Խորհրդային միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել է անկախություն, հետեւաբար չի եղել Ադրբեջանի կազմում, անկախացել է ԽՍՀՄ-ից։ 2007թ.-ին իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որտեղ ընդգծվում էր ե՛ւ տարածաքային ամբողջականության սկզբունքը, ե՛ւ ինքնորոշնման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ու այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձանեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։ Եթե «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, հետեւաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, «Մադրիդյան սկզբունքներ»-ով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետո, ընդ որում՝ այդ սկզբունքների նախագծի հեղինակը որոշ եւ հավաստի տեղեկությունների համաձայն, հենց հայկական կողմն է եղել։ «Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի կարողանա ինքնորոշվել։
Նշենք,որ Առաջին անգամը չէ, «Մադրիդյան սկզբունքների» մասին խոսում Փաշինյանը: Սակայն 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, այլ հայկական կողմի համար ամենաառանցքային՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը…»,- նշված էր փաստաթղթում։
Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի եւ ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների եւ մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Սրա մասին թերեւս վկայում են նաեւ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությունները: Այպիսով, երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի տեղակալին, միաձայն էլ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեցին անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազութունը հնարավորություն ունենա հանրային քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ: Երկու քվեարկություններին էլ ընդդիմությունը չի մասնակցել: Ուշագրավ է, որ ՄԻՊ-ն ընտրվել է 69 կողմ 0 դեմ ձայնով, իսկ Մհեր Սահակյանը անձեռնմխելիությունից զրկվեց 65 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ստացվում է՝ ՔՊ-ականներն անգամ ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, անվավեր չեն արել որեւէ թերթիկ, մեկ մարդու նման գնացել ու կատարել են վերեւներից իջեցված հրահանգը: Նկատենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն իրենք էին ՀՀԿ-ականներին հեգնում եւ անվանում «կոճակ սեղմողներ», փաստացի հիմա այս հարցում իրենք հավասարվել ու նույնիսկ գերազանցել են ՀՀԿ-ականներին:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը չի ներկայացել Հակակոռուպցիոն դատարան։ Նրան, որպես վկա, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցել էին ներկայանալ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Միրզաբեկյանը դիմում է ուղարկել Հակակոռուպցիոն դատարան եւ հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի չի կարող ներկայանալ դատարան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, Սեյրան Օհայանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է: Հավելեք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել:
Այսօր խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը: Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից: Նշենք, որ փակ նիստը տեղի է ունենալու հենց ԱԺ-ում կեսօրից հետո: Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, լինելու են ներկայացուցիչներ նաեւ ՊՆ-ից եւ Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին եւ հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված: