Քրեական նյութերում չկա տվյալ, որ երրորդ նախագահի մասին արված հայտարարության հետ է կապված գործը. Արսեն Բաբայանը՝ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիրի նախկին թաղապետ, այժմ «Հանրային ձայն» կուսակցության համախոհ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Ինչպես Հովհաննես Շահինյանն էր ֆեյսբուքում հայտնել, Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի քննիչի որոշման համաձայն ձերբակալեն Շահինյանին, թեև վերջինս, արդեն տևական ժամանակ է, բացակայում է երկրից:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է նրա պաշտպան Արսեն Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ինչո՞ւ է Շահինյանին ձերբակալելու որոշում կայացվել, ո՞րն է կոնկրետ առաջադրված մեղադրանքը:

-Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորելու տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է: Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել: Նման անհեթեթ մեղադրանք է առաջադրվել:

-Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը:

-Հաշվի առնելով նախաքննության գաղտնիքը՝ շատ չեմ կարող մանրամասնել, բայց բոլորին հայտնի գործի մասին է, որի մասին Քննչական կոմիտեն հայտարարություն էր արել և քրեական հետապնդումը դադարեցվել էր:

-Պարո՛ն Բաբայան, Հովհաննես Շահինյանը հայտարարել էր, որ իրեն ձերբակալելու որոշումը կապված է իր՝ Սերժ Սարգսյանի մասին հայտարարությունների հետ, ակնարկել էր, որ Սերժ Սարգսյանն է իր նկատմամբ իրականացվող հետապնդումների պատճառը: Որպես նրա պաշտպան ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:

-Իր քաղաքական նախասիրությունների և մտքերի մասին մեկնաբանություն չեմ անում, ես նրա փաստաբանական պաշտպանությունն եմ ստանձնել: Նրա ասածը կապ չունի պաշտպանության հետ, քրեական նյութերում չկա տվյալ, որ երրորդ նախագահի մասին իր արած հայտարարության հետ է կապված գործը: Այդ հայտարարությունը իր քաղաքական նախասիրություններին վերաբերվող հայտարարություն է, որը փաստաբանության, իրավաբանության հետ կապ չունի: Այն, որ իր նկատմամբ կա քաղաքական հետապնդում, դա ակնհայտ էր նյութերին ծանոթանալու պահից, այն որ քննիչը անընդհատ ձգձգում էր ինձ՝ որպես պաշտպան ճանաչելը, դա էլ է խոսում քաղաքական հետապնդման մասին, քաղաքական հետապնդում իրականացնում են, ընդհանրապես, իշխանությունը և պետական մարմինները:
Նրա հայտարարությունները կապած նախկին նախագահների հետ, դրանք իր քաղաքական դիրքորոշումն է, որոնք իմ հետ քննարկելու շրջանակներից դուրս են: Այս պահին առկա նյութերում հանրապետության որևէ նախագահի հետ կապված տվյալ չկա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս