ԵԿԵՂԵՑԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՈՒՆԻ, ՀՈՂԵՐ, ԱՅԳԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ առաքելական եկեղեցին այսօր գործարան ունի, գյուղատնտեսական հողեր, այգիներ, ստանում է խաղող, պարեն է արտադրում, որից ստանում է եկամուտ»,-պնդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով առաջինն էր, որ առաջարկեց վճարովի ծառայություններ մատուցող Հայաստանյայց առաքելական եկեղեցուն ՀԴՄ կտրոններ  տրամադրել:
-Պարո՛ն Բագրատյան, ԱԺ-ում քննարկվեց եկեղեցապատկան գույքին հարկային արտոնություններ տալու վիճահարույց նախագիծը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն առաջարկվող փոփոխությունների նկատմամբ:
-Այս օրենքին վատ եմ վերաբերվում, որովհետեւ կան հանրապետության Սահմանադրության 8.1, 85.8 եւ 75-րդ հոդվածները, համաձայն որոնց, մասնավորապես  8.1-ի` Հայաստանում բոլոր եկեղեցիները հավասար են: Եթե արտոնություն ենք տալիս Հայաստանյայց առաքելական եկեղեցուն, ինչո՞ւ չենք տալիս Հայ կաթոլիկ եկեղեցուն, Հայ ավետարանչական եկեղեցուն եւ ինչո՞ւ չենք տալիս Ռուս ուղղափառ եկեղեցուն: Գոյություն ունի Սահմանադրության 8.1 հոդված, որը հայտարարում է խղճի ազատության մասին: Եթե եկեղեցիներից մեկը գույքահարկից ազատվում է, մյուսները` ոչ, ուրեմն Հայաստանում խղճի ազատություն չկա:
-Շատերն ասում են` ի՞նչ խղճի ազատություն, երբ օրինակ` Եհովայի վկաները հսկա շինություններ ունեն, այլ գույք, եւ այնքան են լկտիացել, որ եկեղեցու հոգեւորականի են ծեծում:
-Եհովայի վկաներին մի կողմ թողնենք, հարցնում եմ` Հայ կաթոլիկ եկեղեցի, Հայ ավետարանչական եկեղեցի եւ Ռուս ուղղափառ եկեղեցի: Ինչո՞ւ չենք ազատում այդ հարկից մզկիթները:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նման նախագիծ մտավ ԱԺ, արդյո՞ք պատճառը վեհափառի հայտնի բիզնես հակումներն են:
-Միանշանակ: Այդ գույքի մեջ ես, օրինակ, գիտեմ ռեստորան, որը եկեղեցուն կից է եւ դիտմամբ է մտցված, որպեսզի հենց այսօր այդ մարդը գույքահարկ չտա պետությանը, այլ դրա կես տոկոսի մասով տա կաթողիկոսին, հանգստանա: Եւ միանշանակ Հայաստանյայց առաքելական եկեղեցին` Էջմիածինը, սխալ հայտարարություն է արել, թե այդ գործունեությամբ չի զբաղվում…
-Հիշեցնենք` «Ցուցակում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցները ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք բերվել եւ դեռ արձանագրված են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում»: Միեւնույն ժամանակ եկեղեցին տեղեկացրեց, որ  «Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, եւ Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգեւոր գրականության վաճառքի եւ ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ»:
-Հայ առաքելական եկեղեցին այսօր էլ ունի բացահայտ օրինական բիզնեսներ:
-Որո՞նք են:
-Օրինակ` հարսանյաց հագուստի վաճառքը, խաղողի աճեցում եւ գինու արտադրություն:
-Կոնկրետ Մայր Աթոռի՞ն են, թե՞ ինչ-որ հոգեւորականներինը:
-Չգիտեմ` ոնց է ձեւակերպված, ի՞նչ կարեւոր է: Փաստն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր գործարան, գյուղատնտեսական հողեր, այգիներ ունի, ստանում է խաղող, պարեն է արտադրում, որից ստանում է եկամուտ:
-Երբ նախագծին դրական եզրակացություն տված ԱԺ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանին   հարցրինք` արդյո՞ք  հաշվարկներ կան, թե այդ արտոնությունների պատճառով որքան գումար չի մտնի համայնքային բյուջեներ, ասաց, որ այսպես, թե այնպես`  մինչ օրս այդ գումարները չեն մտել:
-Սուտ է ասում, այդպես չէ: Ես կարող եմ բերել Հովիկ Աբրահամյանի խոսքերը, թե համայնքներն ինչքան փող չեն ստանալու դրանից: Չեն հարկել`  չի մտել: Բայց  հո այդպես չե՞ն հաշվում, հաշվում են, թե ինչքան կմտներ:
-Իսկ Դուք նման հաշվարկներ ունե՞ք:
-Հաշվե՛ք, միջին հաշվով էդ տրված գույքի (285 օբյեկտ է)  երկու տոկոսի արժեքի չափով: Եւ հետո, սարսափելին այն չէ, որ այդ արտոնությունը տվել են, այլ` այդ արտոնությունը ոնց են տվել: Չնայած ԱԺ-ն օրենքը վերջնական խմբագրմամբ չի ընդունել, բայց ընդունել է այսպես. ԱԺ-ն չի ասում այո՛ կամ ո՛չ, ասում է` «համաձայն եմ, թող հետայսու, երբ եկեղեցին դիմի կառավարության որոշմամբ, այդ արտոնությունը տրվի»: Սա նույնպես հակասահմանադրական է, քանի որ հակասում է 75 եւ 85 հոդվածներին, որոնք ասում են, որ պետության եկամուտները կամ ծախսերը կարող են ավելացվել կամ պակասեցվել միայն օրենքով: Իսկ նրանք դա անում են կառավարության որոշմամբ: Գիտե՞ք սա ինչից է. իրենք` որպես պետական այրեր, հարգանք չունեն եւ փորձում են դա անել` օգտագործելով Հայ առաքելական եկեղեցու, պարզ ասած, կոմերցիոն նկրտումները: Նկրտումներ, որ քրիստոնեական եկեղեցին չպետք է ունենար: Այնպես որ, իրենց ասածները միայն քմծիծաղ են առաջացնում հասարակության մեջ:
-Պարո՛ն Բագրատյան, Դուք առաջինն էիք, որ հայտարարեցիք` եթե եկեղեցին ունի վճարովի ծառայություններ, ուրեմն թող բարի լինի` ՀԴՄ կտրոն տրամադրի:
-Դա նորմալ է, ամբողջ աշխարհում այդպես է, հաշիվ են տալիս: Եթե Դուք Ֆրանսիայում գնում եք, կաթոլիկ եկեղեցու ծառայությունից օգտվում եք, Ձեզ հաշիվ են տալիս, Դուք էլ փոխանցում եք: Հաշիվն արդեն ՀԴՄ է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս